Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Արայիկ Հարությունյանը «խելացի քաղաքացի» ունենալու բանալին տեսնում է կրթական ոլորտում

Արայիկ Հարությունյանը «խելացի քաղաքացի» ունենալու բանալին տեսնում է 
կրթական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական բանականության ցանկացած գործիք մարդուն կարող է և՛ խելացի, և՛ խելագար դարձնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Սիլիկոնյան սարեր» համաժողովի շրջանակներում կազմակերպված «Խելացի քաղաքացի» խորագրով պանելային քննարկման ընթացքում:

«Արհեստական բանականությունը հերթական գործիքն է տարբեր իրավիճակներին լուծում տալու համար: Ցանկացած նման գործիք մարդուն կարող է և՛ խելացի, և՛ խելագար դարձնել: Օրինակ՝ բժշկական խնդրի վերաբերյալ որևէ հոդված ընթերցող մասնագետները կարող են շատ տարբեր ընկալել այդ տեղեկատվությունը, այդպիսով՝ կամ բուժել, կամ սպանել բուժառուին: Եթե նախկինում մեծ քանակությամբ ինֆորմացիա էին փոխանցում որպես սկզբնաղբյուր, ապա հիմա պետք է սովորեցնենք՝ ինչպես ճիշտ օգտագործել տեղեկատվության սկզբնաղբյուրները»,- նշեց Հարությունյանը:

MXO_9531.JPG (730 KB)

«Խելացի քաղաքացի» խորագրի շուրջ քննարկման շրջանակում Հարությունյանը նկատեց՝ «թվային» քաղաքացին և «խելացի» քաղաքացին տարբեր են: «Խելացի» քաղաքացիներ դեռ քարե դարում էլ եղել են: Նրա համոզմամբ՝ «խելացի» քաղաքացի ունենալու գաղտնիքները կրթական ոլորտի զարգացման մեջ են:

«Digital citizen-ն ու smart citizen-ը տարբեր բաներ են: «Խելացի» քաղաքացի ունեցել ենք և՛ նախնադարում, և՛ հին Հռոմում, և՛ միջնադարում, և՛ հիմա: Հիմա այն գործիքները, որով  «խելացի» քաղաքացին պետք է առաջընթաց, զարգացում ունենա և իր հասարակությունը զարգացնի, թվային են: Հին Հռոմի քաղաքացին այդ ժամանակ եղած գործիքներն էր կիրառում, ինքը smart էր դրանով: Հիմա նույն պրոցեսներն են: «Խելացի» քաղաքացի ունենալու բոլոր գաղտնիքները կրթական համակարգում են, որը հընթացս փորձել է ադապտացվել և նոր առաջնահերթություններ թելադրել հասարակությանը»,- ասաց Հարությունյանը:

Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է կրթական համակարգը հարմարեցնել ստեղծված իրավիճակին:

«Նախորդ դարում՝ ինֆորմացիայի աղբյուրների հասանելի չլինելու պայմաններում, մենք ստիպված էինք բազմաթիվ բաներ հիշել: Դրանք կոշտ կրիչների, թղթերի վրա էին կամ նման ինֆորմացիան տիրապետում էր մեկ կամ երկու մասնագետ: Հիմա մեր չափորոշիչները պետք է փոխենք. ոչ թե ինֆորմացիայով ծանրաբեռնենք մեր քաղաքացուն, այլ սովորեցնենք ինֆորմացիոն բազմաթիվ աղբյուրներից, որոնք և ինչպես ճիշտ օգտագործել»,- մանրամասնեց Հարությունյանը:

Նա հիշեցրեց հանրակրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրումը, որը 2026 թվականից վերջնական կներդրվի բոլոր դասարաններում: Այն, նրա խոսքով, այս միջավայրին և այս առաջնահերթությունները հաղորդելու նպատակ ունի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ ՏՏ և ԲՏ ոլորտը երկրի համար գերակա ուղղություններ են, և կրթության ոլորտում էլ այն ուշադրության կենտրոնում է պահվում. կոնկրետ քայլեր են իրականացվում այս ոլորտը կրթական համակարգում զարգացնելու ուղղությամբ:

MXO_9651.JPG (541 KB)

«Այս ուղղությամբ մեր մասնագիտական կրթության համակարգում, բուհերում մենք ամեն տարի ներդնում ենք նոր մասնագիտություններ, որոնք թույլ կտան տեխնոլոգիաների ոլորտում ավելի արդյունավետ կրթություն ստանալ: Այս տարի սեպտեմբերից սկսել ենք արհեստական բանականության դասընթացը դպրոցներում: Դպրոցներում, երկրորդ դասարանում, դասավանդվում է թվային գրագիտության և համակարգչային գիտության նոր առարկա: Աշխատանքներ են տարվում բոլոր դպրոցներում լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ»,- նշեց նախարարը:

Նա հիշեցրեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որի ներդրումը սեպտեմբերից սկսվել է փուլային սկզբունքով:

«Խնդիր ենք դրել դպրոցում տալ գիտելիք, հմտություն, արժեք և դիրքորոշում, այսինքն՝ բացի որևէ ինֆորմացիա, փաստ սովորեցնելուց մենք պետք է սովորեցնենք ինչպես դա կիրառել և ինչպես վերաբերվել դրան»,- ընդգծեց նախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ նոր չափորոշիչի հիմնական մասը հենց տեխնոլոգիական կրթության բարելավումն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am