Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայաստանը 20 տարի անց կարող է ու պետք է դառնա տիեզերական գերտերություն. Հայկ Ասլանյան

Հայաստանը 20 տարի անց կարող է ու պետք է դառնա տիեզերական 
գերտերություն. Հայկ Ասլանյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ավստրիական տիեզերական ֆորումի» և «Հայաստանի աերոտիեզերական գործակալության» միջև Երևանում այս տարվա ապրիլին ստորագրվել է հուշագիր, համաձայն որի տիեզերական ոլորտում հեղինակավոր AMADEE-24 Մարսի անալոգային սիմուլյացիոն առաքելությունը 2024 թ. մարտի 5-ից մինչև ապրիլի 8-ն անցկացվելու են Հայաստանում։ Միջոցառման անցկացման մանրամասների, նպատակների և համաշխարհային տիեզերական քարտեզում Հայաստանի հավակնությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Մարսի առաքելության հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանի հետ։

-Պարոն Ասլանյան, կպատմեք AMADEE-24-ն Հայաստանում անցկացնելու նախապատմության և որոշման մասին։

-Տիեզերական ոլորտը միշտ եղել է իմ հետաքրքրության կենտրոնում։ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել եմ որպես ծրագրավորող, սակայն զինվորական ծառայությանս ընթացքում ավելի հետաքրքրությունս մեծացավ ոլորտի նկատմամբ, քանի որ արբանյակների տեխնիկական վերլուծաբան էի աշխատում։ Հետո շարունակեցի ծրագրավորողի աշխատանքս Հայաստանից դուրս տարբեր երկրներում։ 2002-2017 թվականներին աշխատել եմ որպես ծրագրավորող։ 2017 թվականին   ստեղծեցի ծրագրավորման իմ ընկերությունը, զուգահեռ աշխատանքի անցա ԲՏԱ նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական՝ պատասխանատու լինելով տիեզերական բնագավառի համար։ Նույն տարում ներգրավվեցի նաև առաջին հայկական «Արմսաթ-1» արբանյակային ծրագրում։ Հայկական արբանյակը 100 տոկոսով պատկանում է ՀՀ-ին, կառավարման կենտրոնը, նույնիսկ ընդունիչ կայանը, տվյալներն ամբողջությամբ հայկական են։ 2021-ին Հայաստանի պատվիրակությունը Դուբայում մասնակցեց նաև միջազգային ավիատիեզերական ֆեդերացիայի կոնգրեսին, իսկ 2022-ին արդեն Փարիզում՝ նույն միջոցառման շրջանակում Հայաստանը միասնական տաղավար ունեցավ։ Այն միջազգային կարևոր միջոցառում է, որին մասնակցում են աշխարհի գերտերություններ։ Դա առաջին քայլն էր, առաջին մեծ տիեզերական միջոցառումը, որին Հայաստանը մասնակցելով սկսեց վերադառնալ իր տիեզերական պատմությանը։

Տեսնելով այս ոլորտում մեր ակտիվությունը, ընկերներիցս մեկն առաջարկեց ծանոթացնել «Ավստրիական տիեզերական ֆորումի» հիմնադիր նախագահ Գերնոտ Գղումերի հետ։ Համաձայնեցի, զանգով կապ հաստատեցինք, ծանոթացանք և հենց այդ ժամանակ էլ տեղեկացանք, AMADEE-24-ի մասին, և որ արդեն կան թեկնածու երկրներ՝ Ավստրալիա, Եգիպտոս և Թունիս։ Մենք միանգամից առաջարկեցինք Հայաստանը ևս դիտարկել թեկնածու երկիր. հիմնավորեցինք, ներկայացրեցինք մեր տիեզերական պատմությունը և Հայաստանում այն անցկացնելու առավելությունները։ Այսօրվա պես հիշում եմ՝ հոկտեմբերի 7-ն էր, երբ սկսեցինք բանակցությունները։ Այդ զանգից մեկ ամիս անց՝ նոյեմբերի 7-ին, նրանք եկան Հայաստան։ Դա զուտ առաջին ճանաչողական այցն էր մեր երկիր։ Պատվիրակության հետ հանդիպեցինք ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի հետ, վերջինս առաջարկեց յոթ տեղանք, որը բավարարում էր նախնական պայմաններին։ Չափումներ, ուսումնասիրություններ արեցին և հայտարարեցին, որ Հայաստանը կարող է դիտարկվել անցկացման վայր։ Շատ արագ դարձանք թեկնածու երկիր, ապա հենց Հայաստանն էլ ընտրեցին միջոցառումն անցկացնելու համար։ Այս տարվա ապրիլի 17-ին պատվիրակությունը երրորդ անգամ եկավ Հայաստան, համաձայնագիր ստորագրեցինք։

2021-ը վճռական տարի էր, քանի որ Ինժեներական քաղաքում «Ինժեներական շաբաթ» միջոցառման ժամանակ ծանոթացա նաև Մհեր Մեհրաբյանի հետ։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ Հայաստանում կա մարդ, ով իր կյանքը նվիրել է տիեզերական ոլորտին, լուրջ գործունեություն է ծավալում՝ զբաղվելով նոր սերնդի տիեզերական շարժիչների արտադրությամբ։ Ծանոթացանք և շարունակեցինք մեր շփումները։ Հունվարին Մհեր Մեհրաբյանը ստեղծեց «Հայաստանի օդատիեզերական գործակալությունը»։ Հետագայում ստեղծվեց նաև «Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամը, որի նպատակն է ֆինանսավորել տիեզերական բնագավառում իրականացվող միջոցառումներ, այս դեպքում՝ AMADEE-24-ը։ Հիմնադրամի առաջին ներդրումն արդեն կա․ այն նախևառաջ մարդկային կապիտալի ստեղծումն է։ Այս պահին մեր գործընկերներն Ավստրիայում են, գործուղվել են մասնակցելու նախապատրաստական աշխատանքներին։

 1.jpg (532 KB)

-Ի՞նչ է AMADEE-24-ը և ի՞նչ կտա այն Հայաստանին։

-AMADEE-ն «Ավստրիական տիեզերական ֆորում»-ի առաջատար հետազոտական ծրագիր է, որի նպատակը Երկրի վրա ստեղծված հատուկ պայմաններում տիեզերական այլ մարմինների վրա սարքավորումների, աշխատանքային պրոցեսների ու գիտական հետազոտությունների մշակումն է, ինչը դրվելու է դեպի Մարս գալիք առաքելությունների հիմքում: Հայաստանում առաքելությանը կմասնակցեն 250 գիտնական և՛ Հայաստանից, և՛ արտերկրից: Առաքելության անալոգային տիեզերագնացների թռիչքային անձնակազմում ընդգրկված են ոլորտային առաջատար գիտնականներ՝ Ասվտրիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և Իսրայելից։

Գիտեք, մի քանի տարի առաջ մարդիկ ծիծաղում էին «տիեզերք» բառը լսելիս։ Պետք է գիտակցել, որ բարդ խնդիրներ լուծելիս, այլ խնդիրներ էլ են լուծվում։ Սա տնտեսության այն ուղղություններից է, որ քիչ մարդկային ռեսուրսով հնարավոր է մեծ արժեք ստեղծել։ Տիեզերական բնագավառում հիմա էլ Հայաստանում բավականին բարդ ծրագրային խնդիրներ են լուծվում։ Հավատացած եղեք, որ Հայաստանը 20 տարի անց կարո՛ղ է ու պետք է դառնա տիեզերական գերտերություն։ Առաջին քայլերն արդեն արել ենք՝ մայիսի 26-ին տիեզերք ուղարկելով հայկական առաջին արբանյակը, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մեծ իրարանցում առաջացրեց։

Երբ անցկացնենք AMADEE-24-ը, այդ ժամանակ բոլորն էլ կհասկանան, որ այս ոլորտը բավականին հեռանկարային է։ Բացի այդ, վերջերս հայտարարվեց, որ 2025 թվականի սեպտեմբերին աշխարհի տարբեր երկրներում տեղի է ունենալու նաև «Գլոբալ անալոգ» միջոցառումը, որը համաժամանակյա է լինելու։ AMADEE-24-ից հետո Հայաստանը պաշտոնապես կհայտարարի, որ մասնակցելու է նաև «Գլոբալ անալոգ-2025»-ին։ Մենք արդեն պատրաստվում ենք այս միջոցառմանը։ Հայաստանը կլինի որպես մասնակից երկիր։

Մեր երկիրն այժմ գտնվում է ճգնաժամային իրավիճակում։ Մենք շատ երկար ենք մտածել, որ այսօր առավել քան երբևէ այս միջոցառումը կարևոր է Հայաստանի համար, որովհետև տիեզերական գերտերություն դառնալու, համաշխարհային տիեզերական քարտեզի վրա ազդեցություն ունենալու համար կարևոր է այս միջոցառումը հենց Հայաստանում անցկացնել։ Այն կարևոր է նաև ռազմաարդյունաբերության զարգացման տեսանկյունից, ուստի մենք պետք է շարունակենք մեր հետևողական ջանքերը, որպեսզի Հայաստանն այս ոլորտում ճանաչելի դարձնենք, բարձրացնենք մեր երկրի հեղինակությունը, զուգահեռ շարունակենք նոր, բանիմաց «տիեզերական սերունդ» կրթել, իսկ այդ հնարավորությունը Հայաստանն ունի․ հիշե՛ք հայեր կան և՛ «Ռոսկոսմոս»-ում, և՛ Եվրոպական տիեզերական գործակալությունում, և՛ «Նասսա»-ում, և՛ «Ջաքսայում»։ Դա է վկայում նաև մեր տիեզերական պատմությունը․ Ալեքսանդր Քեմուրջյան, Գրիգոր Գուրզադյան, Անդրոնիկ Իոսիֆյան, Ջեյմս Բաղյան, Հարություն Կիվիրյան և ուրիշներ։ Բացի գիտական նշանակությունից՝ AMADEE-24-ն ունենալու է նաև կրթական բաղադրիչ: Ծրագրում ընդգրկվելու են հայ  երիտասարդներ, որոնք վերապատրաստում կանցնեն Ավստրիայում: Համագործակցությունը հայ մասնագետների հետ շարունակվելու է նաև AMADEE-24-ից հետո։ Այն ենթադրում է հմտությունների զարգացում գիտատեխնոլոգիական ոլորտում, որը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանում ձևավորվի տիեզերական գործունեությամբ զբաղվող որակյալ սերունդ։ Այն նաև մեր երկրին հնարավորություն կտա իրականացնել սեփական տիեզերական ծրագրեր, այդ թվում՝ տիեզերական տարածք արձակել հայկական տիեզերանավեր, արբանյակներ և դառնալ տիեզերական գերտերություն։

 2.jpeg (177 KB)

-Ի՞նչպես են ընթանում AMADEE-24-ի նախապատրասական աշխատանքները, ի՞նչ փուլում են։

-Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը հայկական կողմն Ավստրիայում մասնակցում էր AMADEE-24 առաքելության առաջին փորձին, որը ինչ-որ առումով նաև փորձի փոխանակման միջոցառում էր։ Դրա առանձնահատկությունն այն էր, որ գիտափորձերն իրականացվում էին իրականին հնարավորինս մոտ պայմաններում, ճիշտ նույն մեխանիզմով, ինչպես Մարսի վրա կարող են աշխատել։ Ֆորումին ցուցադրված էին նաև հիդրոպոնիկ ռոբոտացված բույսերի մշակման սարքավորումներ, օդի անալիզատորներ և այլն։ Ներկայացված էր նաև տիեզերագնացի հագուստ և թե այն, ինչպես պետք է կրել. պատկերացրեք՝ միայն հագնվելը 3-4 ժամ էր տևում։ Այս ֆորումի նպատակն էր ստեղծել տեղեկատվական և հետաքրքրությունների դաշտ, որպեսզի հանրայնացվի տիեզերական բնագավառը։ Նշեմ, որ ավստրիական միջոցառման ժամանակ չկար մի բան, որը Հայաստանում մենք չենք կարող անել։

Եվս մեկ այց ունենալու ենք հունվարին, որի ժամանակ արդեն հանդես կգանք առանձին տաղավարով և կներկայացնենք հայկական ներուժը։ «Ալեն Մեհրաբյան» հիմնադրամի աջակցությամբ այս ընթացքում անցկացրել և անցկացնում ենք բազմաթիվ մասնագիտական դասընթացներ։ Այժմ ակտիվ գործընկերների ներգրավման փուլում ենք։ Շատ ուրախ ենք նրանց մեր կողքին ունենալ և բաց ենք նաև նոր համագործակցությունների համար։ Որքան շատ գործընկերներ ունենանք, այնքան պատվով և լավագույնս կկարողանանք ներակայանալ աշխարհին և ապացուցել, որ AMADEE-24-ն իսկապես արժեր Հայաստանում անցկացնել։

Արդեն ընտրվել և հաստատվել է Հայաստանում ուսումնասիրությունների անցկացման վայրը։ Այն կլինի Արարատի մարզում, բարձր ժայռոտ սարահարթի վրա։ Այն ընտրվել է Կարմիր մոլորակի հետ երկրաբանական և տեղագրական նմանությամբ։ Շուտով կսկսենք նաև նախապատրաստական աշխատանքներն ու շինարարությունը։ Շատ լուրջ ենթակառուցվածքներ են ստեղծվելու, որոնք պետք է համատասխանեն առաքելության անցկացման չափանիշներին։ Պետք է ամեն ինչ իդեալական լինի, որպեսզի բարձր պատրաստվածություն ունեցող անալոգային տիեզերագնացներից բաղկացած դաշտային անձնակազմը տիեզերանավերի սիմուլյատորներով փորձեր անցկացնի՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին:   

 3.JPG (2.20 MB)

-Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել ԱՄԱՏԻ-2024-ին։

-Մենք մրցույթ էինք հայտարարել։ Արդյունքում ավելի քան 100 մասնակից ունեցանք, որոնց մեծ մասն ուսանողներ էին։ Նրանք մասնակցել են հատուկ վերապատրաստման դասընթացների, մասնակցության որևէ սահմանափակում չի եղել։ Առաքելությանը մասնակցելու համար արդեն ընտրվել է 10-ը մասնակից։ Համոզված եմ՝ 2024-ի միջոցառումից հետո 2025-ին ոլորտի նկատմամբ անհամեմատ մեծ ակտիվություն և հետաքրքրություն ենք ունենալու։ Սա լավագույն հնարավորությունն է Հայաստանի անունը լսելի դարձնել համաշխարհային տիեզերական ասպարեզում։

 

-Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի օդատիեզերական ապագան։ Ոլորտի զարգացման համար ի՞նչ նախադրյալներ ու հեռանկարներ կան։

-Կարճաժամկետ առումով կունենանք մի քանի ընկերություն, որոնք գործունեություն կծավալեն նաև միջազգային շուկայում, պարբերաբար մեր երկրում կանցկացնենք միջազգային մասնագիտական միջոցառումներ։ Իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով Հայաստանն աշխարհում կդառնա տիեզերական գերտերություն՝ ապահովելով իր ուրույն տեղն ու խոսքը, որն էլ իր հերթին կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։ Ի՞նչ է պետք․ ցանկություն և կամք։ Մենք քայլ առ քայլ պետք է առաջ գնանք։ Այս տարի Հայաստանում բացվեց նաև «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագիրը։ Սա կօգնի նաև պատրաստել կադրեր։ Համոզված եմ` ցանկացած բովանդակալից քայլ անելիս այդ մարդիկ մագնիսի պես գալու են և ասեն, որ պատրաստ են օգնել։ Մենք գիտելիքի խնդիր չունենք․ մարդիկ կան, մոտիվացիան, ոգևորությունը`նույնպես։ Մարդիկ պետք է հավատան իրենց ուժերին, չվախենան երազել ու չվախենալ դրանց մասշտաբներից։  

Լուսանկարները` Media: OeWF/ vog.Photo և Հայկ Բադալյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am