Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Մեր նպատակն է ՀՀ-ում նորագոյացությունների բուժումը հնարավորինս հասանելի դարձնել․ Ավանեսյան

Մեր նպատակն է ՀՀ-ում նորագոյացությունների բուժումը հնարավորինս հասանելի 
դարձնել․ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին ավելացել են պետական պատվերի շրջանակում  հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ծավալները, մասնավորապես՝ մատուցված 861,845 ծառայություն, ինչը 74,981-ով ավելի է նախորդ տարում տրամադրված ծառայությունների ծավալից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նրա խոսքով՝ շարունակվել է բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունը մեծացնելու քաղաքականությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ ֆինանսական առումով, ինչպես նաեւ հասանելի բժշկական օգնությունը որակյալ եւ արդի պահանջներին համապատասխան չափորոշիչներով տրամադրելու ուղղությամբ: Կառավարության ծրագրով 2023 թվականի ընթացքում իրականացվել է 46 միջոցառում, որոնցից 42-ն ամբողջապես են իրացվել, 4-ը՝ մասնակի: Այդ 4 միջոցառումը վերաբերում է ապահովագրական փաթեթին: Այստեղ ժամկետների հետաձգում կա, քանի որ համապարփակ ապահովագրության բարեփոխումը կարեւոր, հիմնարար եւ սկզբունքային փոփոխություն է ու առավել մանրամասն աշխատանքային քննարկումների կարիք ունի: Ակնկալվում է այս տարի գործընթացն ավարտել:

Չարորակ նորագոյացություններով հիվանդներին վիրահատական եւ ոչ վիրահատական բժշկական օգնության ծառայություններն ավելացել են 50,000-ով, ինչը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Շարունակվել են սկրինինգային ծրագրերը:

Սրտանոթային հիվանդությունների բժշկական օգնության տրամադրման մասով եւս կա դինամիկա. 42,000-ով ավելացել է ծառայությունների ծավալը, ներառվել են նոր ծառայություններ: Նախորդ տարվա համեմատ 2023 թվականին 10 տոկոսով նվազել են մահվան դեպքերը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը փաստել է՝ ավելացել են փոխպատվաստումների ընդհանուր ծավալները, հասել ենք թիրախային նպատակներին:

«Մեր նպատակն է Հայաստանում նորագոյացությունների բուժման ծառայությունների սպեկտորը հնարավորինս հասանելի դարձնել եւ շատ քիչ դեպքեր ունենանք, երբ բուժումը պարտադիր անցկացվի այլ երկրներում»,- ասել է նա:

Նշվել է, որ մոր և մանկան առողջության պահպանման ուղղությամբ լավ ցուցանիշներ են գրանցվել նաեւ  մայրական մահացության նվազման առումով: Արձանագրվել է մեռելածնության նվազում: Մանկական մահացության մասով բարելավում չի արձանագրվել, ինչը գնահատման եւ պատճառների վերհանման նախադրյալ է, ու այս ուղղությամբ հավելյալ միջոցառումներ պետք է իրականացվեն:

Նախարարը ներկայացրել է հանրապետությունում բժշկական կենտրոնների ու հիվանդանոցների կառուցման, վերակառուցման ու շինարարական աշխատանքները:

Ներկայացվել են դեղերի հասանելիության ոլորտում քայլերը: Նշվել է, որ շարունակվել են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, ընդլայնվել են առողջ ապրելակերպի մասով միջոցառումները: Ոլորտի պատասխանատուն անդրադարձել է նաեւ էլեկտրոնային առողջապահության, մարդկային ներուժի զարգացման մասով կատարված աշխատանքներին:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել դեղերի հասանելիությանը, ոլորտում գնումների գործընթացի կազմակերպմանը, մանկական մահացության հարցում պատճառների գնահատմանը, դեղերի ներկրման հեշտացման մեխանիզմներին, առաջնային օղակի աշխատանքի արդյունավետությանը, էլեկտրոնային դեղատոմսի անցնելու նպատակահարմարությանը եւ այլ խնդիրների:

Նախարարի պարզաբանմամբ փորձնական օրինակով պարզվել է, որ թղթային տարբերակով դեղատոմս տրամադրելու գործողությունը 10-12 րոպե է տեւում, իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 1-3 րոպե՝ պայմանավորված տվյալ մասնագետի համակարգչային հմտությամբ: Նրա խոսքով՝ թվայնացումն օգնում է կրճատել աշխատաժամանակը եւ ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2023 թվականին մեկնարկել է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների եւ թերապեւտների բոնուսային աշխատավարձերի համակարգը, որն էականորեն բարձրացրել է աշխատավարձերը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, խոսելով առողջության առաջնային օղակի աշխատանքի արդյունավետության կարեւորության մասին, կարծիք է հայտնել, որ  հիվանդանոցային բուժօգնության ծավալները պետք է նվազեն առաջնային օղակի զարգացման շնորհիվ: Դեղերի հասանելիության մասով բողոքներին անդրադառնալով՝ պատգամավորը նշել է, որ «Գնումների մասին» օրենքում փոփոխության կարիք չկա, բայց տեխնիկական բնութագրերում կարելի է որոշակի չափորոշիչներ արձանագրել, գնումների գործընթացում հաշվի առնել ոչ միայն դեղի գինը, այլ նաեւ՝ որակը: Ըստ նրա՝ այս ոլորտում հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների մի շարք հարցադրումների առնչությամբ: Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am