Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բժիշկները փրկել են երկու ծննդկանի և մեկ նորածնի կյանք

Բժիշկները փրկել են երկու ծննդկանի և մեկ նորածնի կյանք

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկների ձեռնարկված հրատապ և ճշգրիտ որոշումների շնորհիվ հաջոցվել է փրկել երկու ծննդկանի և մեկ նորածին երեխայի կյանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 39-ամյա Սուսաննայի առաջնեկի ծնունդը վտանգվել էր հունիսի 21-ին՝ Երևան-Սևան մայրուղում վթարի ենթարկվելուց հետո, սակայն բժիշկների ջանքերի շնորհիվ նորածին Մարիայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Սևանի բժշկական կենտրոնից անմիջապես կապվել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանի հետ։ Շտապբուժօգնության մեքենայով, բժշկի ուղեկցությամբ արագ կազմակերպվել է հղիի տեղափոխումը Երևան։ Մինչ այդ ինստիտուտ է հրավիրվել վնասվածքաբան։ 33-34 շաբաթական հղին վթարի հետևանքով ստացել է աջ ազդրի բազմաբեկորային կոտրվածք, սալջարդեր և հեմատոմաներ։ Տեղի է ունեցել ընկերքի անջատում և պտղի սուր շնչարգելություն։ Հենց ընդունարանից Սուսաննային տեղափոխել են վիրահատարան։ Կեսարյան հատումով հաջողվել է նախ փրկել փոքրիկի կյանքը։ Ծնվել է 1800 գ քաշով աղջիկ։ Այնուհետև կատարվել է ստորին վերջույթի լոնգետային ամրացում։ Մոր և երեխայի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։

Հունիսի 23- ին Մարտունու բժշկական կենտրոնից նույն ինստիտուտ տեղափոխված 27-ամյա, 29-30 շաբաթական հղի Նաիրայի վիճակը ծայրահեղ ծանր էր՝ մահացած պտուղ, ընկերքի անջատում, արյունահոսություն, տրոմբոֆիլիա, անեմիա, հեմոռագիկ շոկ։ Ունեցած հիվանդության պատճառով կինը մշտապես գտնվել է արյունաբանների հսկողության տակ և բուժվել ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է ընդունվել բավական ցածր հեմոգլոբինով, արյան զրո մակարդելիությամբ։

Կյանքի ցուցումով անմիջապես կատարվել է կեսարյան հատում, մահացած պտղի հեռացում։ Երիտասարդ կնոջը փրկելու համար մեծ քանակությամբ պլազմայի և  արյան փոխներարկում է կատարվել, հիվանդանոցն ապահովել է նաև անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցներով։ Հետագա բուժմանն անմիջական մասնակցություն է ունեցել արյունաբանը։

Այսօր արդեն Նաիրայի կյանքին վտանգ չի սպառնում։ Ամուսինները խոսքեր չեն գտնում իրենց երախտիքը հայտնելու համար։ Իսկ վիրահատող Ռազմիկ Աբրահամյանը կարևորում է, որ նաև հաջողվել է պահպանել երիտասարդ կնոջ վերատադրողական ֆունկցիան։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am