Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արի տուն»-ը հայրենիք է բերել ևս 197 երիտասարդի

«Արի տուն»-ը հայրենիք է բերել ևս 197 երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի կանչով Հայաստանում են 17 երկրների 197 երիտասարդներ` մասնակցելու «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլին: ՀՀ սփյուռքի նախարարությունում օգոստոսի 3-ին ազդարարվեց հայապահպանությանն ուղղված ծրագրի հերթական փուլի բացումը, որի ժամանակ արիտունցիներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Բարով եք եկել ձեր տուն: «Արի տուն»-ը դարձել է յուրօրինակ այցեքարտ շատ երիտասարդների համար` հայրենիք այցելելու, տեսնելու, հայրենիքով հպարտանալու, հայրենիքը սիրելու և վերադառնալու իմաստով: Շատ ուրախ եմ, որ կատարվել է շատերիդ երազանքը, և առաջին անգամ ձեզնից շատերը Հայաստանում են: Կուզենայի, որ այս 14 հետաքրքիր օրերն անմոռաց դառնան: Բացի Հայաստանը տեսնելուց և սիրելուց, դուք այստեղ կգտնեք ընկերներ և բարեկամներ»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց նախարարը` շնորհակալություն հայտնելով նաև երիտասարդներին հյուրընկալող ընտանիքներին:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս փուլը յուրօրինակ է նաև այն պատճառով, որ մեր երկիրը հյուրընկալել է Արևմտյան Հայաստանի հայրենակիցներին: «Համոզված եմ, որ Արևմտյան Հայաստանի համն ու հոտը բերել եք մեզ, մենք էլ կփորձենք ձեզ ներկայացնել այս կտոր հայրենիքը»,-նշեց նա` ընդգծելով, որ շատ կարևոր է այն հանգամանքը, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Արևմտյան Հայաստանի հայությունը համախմբվել է:

Սփյուռքի նախարարն իր ելույթում ընդգծեց նաև հայերեն սովորելու և իմանալու կարևորությունը: «Մենք իրավունք չունենք հայերենը կորցնելու: Հորդորում եմ, խնդրում, պահանջում, որ սովորեք հայերեն»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը: Ավանդույթի համաձայն՝ նախարարը շապիկ և գլխարկ հագցրեց վեցերոդ փուլի մասնակիցներից մեկին` Մեծ Բրիտանիայից Հայաստան եկած 15-ամյա Ադամ Ադամյանին, ով բանաստեղծ Մանվել Ադամյանի թոռն է:

Ծրագրի մասնակիցներից Մերի Հովհաննիսյանը Հայաստան է եկել Դոնի Ռոստովից: «Եկել եմ ընկերուհիներիս հետ, մեծ հույսեր ունենք: Մենք շատ ենք սիրում Հայաստանը և ցանկանում ենք մանրամասն իմանալ երկրի պատմությունը: Երևի մի 5 տարի առաջ եկել եմ Հայաստան, բայց ոչ մի տեղ չեմ եղել, դրա համար ինձ շատ հետաքրքիր է»,- նշեց նա:

Ծրագրի 6-րդ փուլի բացման արարողության ժամանակ ներկայացվեցին նաև գեղարվեստական համարներ: Արիտունցիները յուրահատուկ շուրջպար բռնեցին ու պարեցին հայկական երաժշտության ելևէջների ներքո:

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակցում է 197 երիտասարդ ՌԴ-ից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից և Թուրքիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am