Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում իրականացվում է Դուշման Վարդանի 50-ամյակին նվիրված ծրագիրը

Արցախում իրականացվում է Դուշման Վարդանի 50-ամյակին նվիրված ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի Խ. Աբովյանի անվան միջին դպրոցում բացվել է ԵՊՀ ուսանող-ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) անվան դասարանը, իսկ դպրոցի դահլիճում տեղի է ունեցել նրա 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական համալսարանի hասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի՝ Արցախ կատարած այցն այս անգամ նպատակ ուներ հավերժացնելու Վարդան Ստեփանյանի հիշատակը:  Հերոսի անունը կրող դասարանի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվել էր ԵՊՀ  ներկայիս ուսանող-հերոսներին՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիրներ Շուլի Հակոբյանին, Գևորգ Մանուկյանին և ԼՂՀ «Արիության» մեդալակիր Գոռ Դարմանյանին: Ի դեպ, ԵՊՀ-ի կողմից դպրոցին նվիրաբերվեցին գրքեր և համակարգիչներ, որոնք տեղ կգտնեն Վարդան Ստեփանյանի անունը կրող պատմության դասարանում:

Դասարանի անվանակոչումից հետո դպրոցում կայացավ նաև Վարդան Ստեփանյանի 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Մինչ միջոցառման մեկնարկը Դուշման Վարդանի մայրը բոլոր  ծնողներին կոչ արեց իրենց երեխաներին դաստիարակել հայրենասիրական ոգով. «Մեր հայ մայրերն այժմ էլ այս սուրբ հողի վրա հերոսներ են ծնում՝ հետագա հաղթանակներն ապահովելու համար: Մենք շատ բաներ ունենք դեռևս տուն բերելու»:

Հանդիսավոր միջոցառումներին մասնակցեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով երեկ իր նստավայրում հյուրընկալել էր Արցախ այցելած համալսարանականներին: ԵՊՀ պատվիրակության կազմում էին պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը և որոշ ֆակուլտետների դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ, մի խումբ ուսանողներ, որոնց թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական սխրանքով աչքի ընկած և ամռանը զորացրված ուսանողներ: Տեղի ունեցավ բովանդակային զրույց և արդի հիմնախնդիրների շուրջ քննարկում:

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը փաստեց, որ ԵՊՀ-ի բազմաբովանդակ ծրագրերը համադրվում են համալսարանական ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումներով. «Մենք նպատակ ունենք, համալսարանականների տարբեր սերունդների և հատկապես Արցախյան գոյամարտի մասնակից ուսանող-ազատամարտիկների և այսօրվա ուսանողների, այդ թվում՝ մերօրյա հերոսների միջև կապը վառ պահելով, խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը»:

Նշենք, որ ԵՊՀ-ի՝ շուրջ  90 հոգուց բաղկացած պատվիրակության՝ հոկտեմբերի 20-ից 22-ը Արցախ կատարած այցը հագեցած էր նաև այլ միջոցառումներով: Ըստ նախաձեռնության հիմնական կազմակերպիչ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի՝ ծրագրի շրջանակում Շուշի-Բերձոր ճանապարհին  հիմնադրելու են նաև Դուշման Վարդանի 50-ամյակին նվիրված ընկուզենիների պուրակ. «Այս միջոցառումներով ևս մեկ անգամ արժևորում ենք այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքի գնով մեզ պարգևեցին Արցախի ազատությունն ու անկախությունը»:

Հավելենք նաև, որ Դուշման Վարդանը (Վարդան Ստեփանյան) ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին Երևանում: 1973-1983 թթ. գերազանց ավարտել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան համար 32 դպրոցը, 1984-86 թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Աֆղանստանում: 1986 թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Դուշման Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը, եղել է ԼՂՀ բանակի 2-րդ գումարտակի փոխհրամանատար: 1988 թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. հուլիսի 3-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման» մեդալով։

Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am