Երևանյան բեսթսելեր 4/62. «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»-ը առաջինն է
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Շաբաթներ շարունակ ամենավաճառվածների առաջին հորիզոնականը զբաղեցրած Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն այս շաբաթ երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը մի քանի հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վերադարձել է ցանկ ու զբաղեցրել չորրորդ հորիզոնականը: Ստեղծագործության հերոսի՝ Ամիրի համար օդապարուկ թռցնելու մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և, վերջապես, նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար կրկին լավը դառնալու հնարավորություն կար:
Հինգերորդ տեղում Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպն այս անգամ վեցերորդն է: Այն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: 2002 թ. պորտուգալական «Դե Լետրաշ» ամսագիրը, որը համարվում է տեղական գրականության հրատարակման և գրական շուկայի հեղինակությունը, հայտարարել է, որ «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակն ավելի է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակից:
Յոթերորդ հորիզոնականում համաշխարհային գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Ցանկ է վերադարձել և ութերորդ տեղը գրավել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը»: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» մի քանի հորիզոնականով զիջել է իր դիրքերը և հայտնվել իններորդ տեղում: Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +1 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 43 | |
2 | -1 |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» |
Անտարես | 40 | |
3 | +3 |
Սպենսեր Ջոնսոն «Ո”ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 19 | |
4 | * |
Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» |
Զանգակ | 16 | |
5 | * |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» |
DirectMEDIA | 15 | |
6 | +2 | Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը» | Անտարես | 10 | |
7 | * |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Անտարես | 10 | |
8 | * |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 9 | |
9 | -6 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 7 | |
10 | * |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 7 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում