Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսում հայկական տաղավարը գրավում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած այցելուներին

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսում հայկական տաղավարը գրավում է աշխարհի 
տարբեր երկրներից ժամանած այցելուներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավար այցելող աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրերը հետաքրքրությամբ ծանոթանում են հայկական պատմամշակութային արժեքներին, մեր երկրի զբոսաշրջային վայրերին, տնտեսական հնարավորություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«Ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկիրը բազմակողմանիորեն ներկայացնելու համար, նաև կազմակերպում բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,  հարցազրույցներ տալիս տարբեր լրատվամիջոցներին: Աշխատանքի ընթացքում նաև ձեռք են բերվում համագործակցության պայմանավորվածություններ: Մասնավորապես, հոկտեմբերի 25-ին Հայաստանի տաղավար է այցելել ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն բին Իբրահիմ Ալ Համադին, այնուհետև կիսվել տաղավարի մասին իր դրական տպավորություններով։ Այցի ընթացքում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ ԱՄԷ նախարարը քննարկել է երկու բարեկամ երկրների մշակութային ընդհանրությունները եւ նշել, որ մոտ ապագայում նախատեսում է այցելել Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Գևորգ Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության (Kuwait Direct Investment Promotion Authority) ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների ներդրումային միջավայրը, գրավչությունները և գործարար հնարավորությունները, նաև քննարկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի եւ Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության միջև համագործակցության հեռանկարները։

Արդյունքում, կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել հայկական պատվիրակության այցը Քուվեյթ՝ համատեղ քննարկելու և հստակեցնելու համագործակցության առաջիկա անելիքները և անցնելու գործնական քայլերի։

Գևորգ Բաղդասարյանն իր հարցազրույցում խոսել է Հայաստանի ներդրումային միջավայրի, ներկայիս տնտեսական վիճակի և հեռանկարների մասին։ Որպես ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտներ՝ նա առանձնացրել է գյուղատնտեսությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը,  զբոսաշրջությունը, դեղագործությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հատկապես նոր տեխնոլոգիաներով ներդրումների ներգրավմամբ։ Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, COVID-19 համավարակի տնտեսական վնասների հաղթահարման նպատակով, նախաձեռնել և իրականացրել է մի շարք աջակցության ծրագրեր։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am