Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել համահայկական միությունը:
Նամակը նվիրված է Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին։ Նամակում ներկայացվել է ադրբեջանական իշխանությունների խտրական քաղաքականությունը հայության նկատմամբ, որը հանգեցրել է կոտորածների, ջարդերի և բռնի տեղահանումների մի ամբողջ ցեղասպանական շղթայի ստեղծմանը։
«Մենք կոչ ենք արել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը գործի դնել բոլոր միջոցները ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ողջ հայության ոտնահարված անօտարելի իրավունքների համապարփակ, արմատական և երաշխավորված վերականգնման և պաշտպանության համար.,- նշված է նամակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում