Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանը մեծ դեր է խաղում 3-րդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերն ընդլայնելու գործում. Սերգեյ Կոպիրկին

Հայաստանը մեծ դեր է խաղում 3-րդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերն ընդլայնելու 
գործում. Սերգեյ Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման և ԵԱՏՄ-ի ընդլայնման արդիականությունը առավել քան ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են անդամ երկրների փոխհարաբերություններին և տարածաշրջանային իրողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միության 7 տարվա գործունեության և կառույցին Հայաստանի անդամակցության 7-ամյակի մասին:

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, Հայաստանը և մյուս անդամ պետությունները սերտորեն համագործակցում են ԵԱՏՄ-ում, և, քանի որ մենք հիմա Երևանում ենք, կուզեի հատուկ շեշտել հայկական կողմի կառուցողական, շահագրգռված մոտեցումը ինտեգրման զարգացման հարցերում: Հայաստանը մեծ դեր է խաղում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերի ընդլայնման գործում», - նշեց Ռուսաստանի դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Եվրասիական միության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը դրա աշխարհագրության ընդլայնումն է երրորդ երկրների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ կապերի հաստատման միջոցով:

Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ին անդամակցում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ են ստացել Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան, ևս 5 պետության՝ Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ ստորագրվել են տարբեր խորության առևտրային համաձայնագրեր:

Դեսպան Կոպիրկինը այդ համատեքստում հիշեցրեց, որ Երևանում 2019 թ. հոկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում էին նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները:

ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած տնտեսական օգուտները, ըստ դեսպանի, նույնպես ակնհայտ են: Դրա մասին է վկայում ԵԱՏՄ-ի մյուս անդամ պետությունների հետ Հայաստանի փոխադարձ առևտրի աճը:

«Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ծավալները ԵԱՏՄ երկրներ ավելացել են գրեթե 30 տոկոսով, ընդ որում աճը գրանցվել է բոլոր գործընկերների հետ», - հաղորդեց Ռուսաստանի դեսպանը:

Եվրասիական տնտեսական միությունը ձևավորվել է Մաքսային միության հիմքի վրա՝ 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրված պայմանագրով: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում և ուժի մեջ մտել 2015 թ. հունվարի 2-ին:

Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա ժողովը և «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամության 7 տարին. եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» թեմայով համաժողովը կազմակերպել էին Եվրասիական փորձագիտական ակումբը և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը: Համաժողովին մասնակցում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դեսպանությունների դիվանագետները, Հայաստանում ռուսական 102-դր ռազմաբազայի ներկայացուցիչները և Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]