Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

Ֆրանսիայի Նիմ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակ է բացվել և հայկական խաչքար տեղադրվել

Ֆրանսիայի Նիմ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 
հրապարակ է բացվել և հայկական խաչքար տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում ապրիլի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Նիմի քաղաքապետ Ժան-Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Նիմի հայկական ընկերակցության (« Amicale Franco-Armenienne de Nimes et du Gard ») նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյուման, ինչպես նաև Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշեցրել է այն կարևոր դերակատարումը, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում։ Ընդգծվել է նաև Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին օրենքի ուժով ճանաչելու, ինչպես նաև՝ ապրիլի 24-ը 2019 թվականից ի վեր Ֆրանսիայի պետական հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու կարևորությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման հարցում։

Եզրափակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նիմի քաղաքապետին և քաղաքային խորհուրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հրապարակի անվանակոչման և խաչքարի տեղադրման նախաձեռնությանը հավանություն տալու համար։

Դեսպանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Նիմի՝ համեմատաբար նոր ձևավորված ֆրանսահայ համայնքին՝ ի դեմս քաղաքի հայկական ընկերակցության և նրա նախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ այս կարևոր նախաձեռնության և այն կյանքի կոչելու համար։

Ելույթներից հետո տեղի է ունեցել խաչքարի օրհնության արարողություն, ինչին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։

Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպել է Նիմի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համայնքին հուզող խնդիրները։ Դեսպանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել համայնքին՝ 2020 թվականին Արցախում պատերազմի ժամանակ Նիմի ֆրանսահայերի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված ավելի քան 60 հազար եվրո հանգանակության համար, ընդգծելով, որ նիմահայերի պես փոքրաթիվ հայ համայնքի համար նման զգալի չափի հանգանակությունը բացառիկ է և վկայում է համայնքի՝ մայր հայրենիքի հետ ամուր կապվածության և նվիրվածության մասին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]