Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Շվեյցարացի պատգամավորը ցավալի է համարում Թուրքիայի կողմից մինչ օրս Ցեղասպանությունը չճանաչելու փաստը

Շվեյցարացի պատգամավորը ցավալի է համարում Թուրքիայի կողմից մինչ օրս 
Ցեղասպանությունը չճանաչելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի Դաշնային ժողովում Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը կարծում է, որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտում ունեն, ուստի աշխարհը պետք է հիշի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի «պատմության արյունալի հետքը» չշարունակվի։ Այս մասին պատգամավորն ասաց «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում։

- Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը։

- Գործընթացը կարծես առաջընթաց է գրանցում, սակայն դեռևս կան կարևոր կետեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Օրինակ, շատ երկրներ, այդ թվում և Շվեյցարիան, լիարժեքորեն չեն ճանաչել Ցեղասպանությունը։ Իմ երկրում, օրինակ, ճանաչել է խորհրդարանի միայն մեկ պալատը և ոչ կառավարությունը։ Եվ իհարկե, ողբերգական է, որ Իսրայելը չի ճանաչել ցեղասպանությունը։ Խաղաղության տեսանկյունից ցավալի է նաև, որ Թուրքիան անփոփոխ դիրքորոշում ունի։

- Շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, սակայն անգամ 107 տարի անց Թուրքիան շարունակում է իր ժխտման քաղաքականությունը։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինեն միջազգային հանրության գործողությունները։ Չե՞ք կարծում, որ կոչերից բացի նաև գործողություններ պետք է լինեն։

-Այո, հատկապես թուրքական ուժի քաղաքականության համատեքստում։ Թուրքական շահերի, ինչպես օրինակ փախստականների հարցն է կամ տնտեսական կապերը Եվրամիության հետ, իրականացումը պետք է կապված լինի Ցեղասպանության ճանաչման հետ։

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ պայմաններում Թուրքիան ի վերջո կճանաչի պատմական ճշմարտությունը։

- Անշուշտ միայն այն դեպքում, եթե Թուրքիայի կենսական շահերը կապված լինեն ճանաչման հետ։ Օրինակ, եթե թուրքական արժույթի ճգնաժամն ավելի վատանա, նման հնարավորություններ կարող են ծագել։ Իհարկե, դրական շարժառիթ կարող է լինել օրինակ Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատումը։ Այդուհանդերձ, սրանք թերևս այնքան կենսական չեն, որ որոշիչ լինեն Էրդողանի նման ազգայնական քաղաքական գործչի համար զիջումների գնալու տեսանկյունից։

-Այս դժվարին աշխարհաքաղաքական իրադրությունում կա մտավախություն, որ Հայոց ցեղասպանության հարցը բավարար ուշադրության չի արժանանա։ Ի՞նչ պետք է արվի այս համատեքստում։

- Այո, նման վտանգ կա։ Հայաստանն ու հատկապես Արցախը հիմա ավելի մեկուսացած են, քան մինչև ուկրաինական պատերազմը, և կա վտանգ, որ էթնիկ զտումն արտաքսումների տեսքով կարող է տեղի ունենալ համաշխարհային հանրության կարծիքից աննկատ կերպով։ Այդ իսկ պատճառով հարկավոր է անհապաղ միջազգային քննարկում սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ։ Անհրաժեշտ են նաև ռազմավարություններ, թե ինչպես ապահովել խաղաղություն և զարգացում ռուսական ազդեցության գոտում գտնվող երկրների համար։

- Հայաստանի և Թուրքիայի միջև սկսվել է երկխոսության գործընթաց։ Ձեր կարծիքով, այս գործընթացն ինչպես կարող է ազդել Հայոց ցեղասպանության հարցի վրա։

- Երկխոսությունը, որքան էլ որ դժվար լինի, կարող է կառուցողական լինել ճշմարտության որոնման ճանապարհին։ Այս առումով ես հուսով եմ, որ այս երկխոսությունը կարող է շատ ինտենսիվ լինել։

-Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ տարբեր հայտնի գործիչներ հաճախ կիրառում են «այլևս երբեք» եզրույթը, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհը կարծես թե բավարար դասեր չի քաղել, քանի որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտում ունեն։ Ի՞նչ պետք է անի առաջավոր մարդկությունը գործնականում «այլևս երբեք»-ը տեսանելի դարձնելու համար։

-Որպեսզի «այլևս երբեք»-ն աշխատի, այն պետք է հիշվի։ Սպանությունը չպիտի դառնա նորմալ, հակառակ դեպքում պատմության արյունալի հետքը սպառնում է շարունակվել։

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]