Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Իրանը անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը

Իրանը անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների 
կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն անընդունելի է որակել  Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին  ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Նրա խոսքով՝ այն քայլերը, որ ձեռնարկվում են Թուրքիայի կողմից ամբարտակների շինարարության հարցում, համաձայնեցված չեն  Արաքս գետի ավազանի  երկրների հետ:

«Մենք մեր բողոքն ենք արտահայտում այդ մասին և գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետությունները ամբարտակների շինարարության, ինչպես նաև Արաքս գետի ջրի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված կերպով աշխատեն, և միակողմանի անհատական մոտեցումը կարող է իր մեջ Արաքս գետի համար վտանգներ ներառել»,-ասաց նա:

Մեհրաբիանը նշեց, որ իրանական կողմը  այդ մասին իր մտահոգությունն է  արտահայտել Թուրքիային: «Բազմաթիվ նիստեր և հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի պատկան մարմինների հետ և նրանք մեզ վստահեցրել են, որ անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, որպեսզի փարատեն մտահոգությունները: Մենք գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր երկրները միմյանց հետ քննարկեն այդ հարցը և արդարացիորեն օգտվեն այդ ջրային ռեսուրսից»,-հավելեց նա:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]