Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Արցախի պետնախարարը հայտարարել է, որ ԼՂ կարգավորման շուրջ երկխոսությունը չպետք է Արևմուտքի և Ռուսաստանի բարդ հարաբերությունների մաս կազմի

Արցախի պետնախարարը հայտարարել է, որ ԼՂ կարգավորման շուրջ երկխոսությունը 
չպետք է Արևմուտքի և Ռուսաստանի բարդ հարաբերությունների մաս կազմի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է Եվրամիության համար դառնա բանակցությունների առարկա»,- ասել է Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է Արևմուտքի հետ Ռուսաստանի բարդ հարաբերությունների մաս կազմի: Բեգլարյանը հիշեցրել է խնդրի լուծման համար գործող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որը կրում է հակամարտության կարգավորման ողջ պատասխանատվությունը:

Արցախի պետնախարարը մեծապես կարևորել է երկրում ռուսական խաղաղապահ առաքելության առկայության փաստը: «Կարծում ենք՝ որ խաղաղապահ առաքելությունը պետք է այստեղ մնա անժամկետ, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ»,- նշել է նա:

Բեգլարյանը մասնավորեցրել է, որ Արցախի իշխանությունները ցանկանում են տարածաշրջանում պահպանել ռուս խաղաղապահների ներկայությունը, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառում: «Ներկայում կա Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության սուր անհրաժեշտություն»,- ընդգծել է Արցախի պետնախարարը:

Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում ԼՂ խնդրի կարգավորումն անհնար է, քանի որ Արցախի ու Ադրբեջանի միջև կա դիրքորոշումների լուրջ հակասություն. դրանք «տրամագծորեն հակառակն են»: Բեգլարյանը նշել է, որ ամենակարևոր տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «հեղինակության, հավակնությունների» հարց է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, սեփական գոյության ու պատմական արդարության հարց»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]