Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Հայաստան հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն. ՀՀ նախագահ

Հայաստան հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական 
միտում, նախընտրություն կամ ազդեցություն. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն, ուստի Հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից, աշխատի թափանցիկ ու հրապարակային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում այս մասին շեշտեց ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

ՀՀ նախագահը նախ ընդգծեց, որ այս տարվա հանդիպման առիթը տոնական է. լրանում է համահայկական հիմնադրամի 30-ամյակը:

«Ստեղծման օրվանից ի վեր Հիմնադրամը դարձել է այն կարևոր համազգային գաղափարն ու առանցքը, որի շուրջ մենք համախմբվել ենք, քննարկել ազգային պետական նշանակության հարցեր և փորձել գտնել լուծումներ: Հիմնադրամը իրավամբ համահայկական այն կառույցն է, ոը գուցե թե չունի նմանօրինակը՝ ոչ իր բովանդակությամբ, ոչ էլ իր կազմակերպչական ձևով»,-ասաց Խաչատուրյանը:

Նա հավելեց՝ ուստի նաև այս պատճառով է, որ յուրաքանչյուրի և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի Հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունն անբասիր պահելուն:

«Հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն: Ուստի, հարկ չկա անգամ շեշտելու, որ հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից: Նաև այս պատճառով է, որ բոլորս պետք է երաշխավորենք Հիմնադրամի թափանցիկ, հաշվետու և հրապարակային աշխատելաոճը»,-ասաց նախագահ Խաչատուրյանը:

Այս նպատակի կյանքի կոչման համար նախագահն ակնկալում է, որ մինչև ընթացիկ ամսվա վերջը պատրաստ կլինեն Հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները: Նա լիահույս է, որ Պալատի զեկույցը նպաստելու է վստահության մթնոլորտի կայացմանն ու լույս է սփռելու ընդհանուր իրավիճակի վրա:

Նախագահը նաև շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի նվիրատուներին, հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին՝ անմնացորդ նվիրումի և իրականացրած անխոնջ աշխատանքի համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]