Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդմամբ. Բունդեսթագի փոխնախագահը՝ ՀՀ վարչապետին

Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության 
ամրապնդմամբ. Բունդեսթագի փոխնախագահը՝ ՀՀ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են և՛ գործադիր, և՛ խորհրդարանական, և՛ տարածքային կառավարման մակարդակում: Վարչապետի խոսքով՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. «Հայաստանը՝ որպես 2018թ. խորհրդարանական կառավարման անցած երկիր, հետաքրքրված է պառլամենտարիզմի կայուն ավանդույթներ ունեցող Գերմանիայի հետ փորձի փոխանակմամբ: ԳԴՀ-ն ՀՀ խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է ԵՄ-ում: Կարևորում ենք համատեղ տնտեսական ծրագրերը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին», - նշել է վարչապետ Փաշինյանը:

Ըստ աղբյուրի՝ Բունդեսթագի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և շնորհավորել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար ՀՀ քաղաքացիների քվեն ստանալու կապակցությամբ: Կատրին Գյորինգ-Էքարդն ընդգծել է՝ ժողովրդավարությունն ու պառլամենտարիզմը նպաստում են անվտանգությանը, կայունությանն ու զարգացմանը, և Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդմամբ, տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և այլն: 

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ: Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ Գերմանիան կարևորում է տարածաշրջանային խաղաղությունը և աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի քայլերին: Կարևորվել են համատեղ ջանքերը քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:

«ՀՀ-ԳԴՀ տնտեսական օրակարգի համատեքստում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հեռանկարային են համարվել արևային էներգետիկայի, տեխնոլոգիաների ոլորտներում ծրագրերը: Այս համատեքստում վերահաստատվել է փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանը և Կատրին Գյորինգ-Էքարդը նշել են Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am