Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բնությունը, պատմությունը, մարդիկ դարձնում են Հայաստանը ապրելու համար ֆանտաստիկ երկիր. Նիդերլանդների դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Բնությունը, պատմությունը, մարդիկ դարձնում են Հայաստանը ապրելու համար 
ֆանտաստիկ երկիր. Նիդերլանդների դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Նիդերլանդները դարավոր փոխառնչությունների և կապերի հարուստ պատմություն ունեն, և այդ մասին բազմաթիվ վկայություններ կան՝ սկսած այն փաստից, որ քրիստոնեությունը Նիդերլանդներում հենց Հայաստանից է տարածվել՝ հայ հոգևորական Սուրբ Սերվատիոսի միջոցով դեռևս 4-րդ դարում: Իսկ ներկա ժամանակներում՝ հատկապես վերջին մի քանի տարիներին, հայ-նիդերլանդական հարաբերությունները գնալով զարգանում և խորանում են, երկու կողմերն էլ համակարծիք են, որ կարող են բարձրացնել երկկողմ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի: Այդ մասին Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը՝ խոսելով հայ-նիդերլանդական հարաբերությունների դարավոր պատմության և 30-ամյա դիվանագիտական կապերի մասին:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանն ու Նիդերլանդները միջպետական կապեր և շփումներ ունեն ամենաբարձր՝ ղեկավարների մակարդակով, ինչի կարևոր ցուցիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսյան պաշտոնական այցն էր Նիդերլանդների Թագավորություն:

Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ դեսպան Նիկո Սխերմերսն ասում է, որ երկու երկրները համագործակցության հեռանկարներ ունեն շատ ոլորտներում, որոնցից նա առանձնացրեց հատկապես գյուղատնտեսությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները: Այս համատեքստում նա շեշտում է այն հանգամանքը, որ ինչպես Նիդերլանդների, այնպես էլ Հայաստանի կառավարության համար առաջնահերթ են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում Հայաստանում նիդերլանդական ներդրումների համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ դեսպանը նշեց, որ ըստ Նիդերլանդների կառավարության պաշտոնական դիրքորոշման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ չի ավարտվել և հիմնախնդիրը դեռ չի լուծվել: Դեսպան Սխերմերսի խոսքով՝ Նիդերլանդները, որպես ԵԱՀԿ անդամ, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքին, ինչպես նաև՝ այդ ուղղությամբ Եվրամիության գործադրած ջանքերին:

Նիկո Սխերմերսը Հայաստանում հավատարմագրված ամենահետաքրքիր և հասարակական կյանքում ամենաակտիվ դիվանագետներից է: Թեև մի քանի տարի առաջ արդեն բոլորել է կյանքի 5-րդ տասնամյակը, սակայն հոգով ու եռանդով շատ ավելի երիտասարդ է, քան, ասենք, իրենից 20-30 տարով փոքր շատերը: «Նարնջագույն» երկրի դեսպանը շատ է սիրում Հայաստանի բնությունը, նաև սովորում է հայերեն: Աշխատանքից ազատ օրերը Նիկո Սխերմերսը, սովորաբար, անցկացնում է Հայաստանի գեղատեսիլ վայրերում, հատկապես շատ է սիրում բարձրանալ հայկական լեռները: Դա բացատրում է շատ պարզ մի պատճառով: Ասում է՝ եկել է մի երկրից, որը շատ ցածրադիր է ու հարթ, իսկ Հայաստանում լեռներն, իհարկե, շատ են:

«Հայաստանի բնությունը պարզապես ֆանտաստիկ է: Բնությունը, եղանակը, մշակույթը, մարդիկ, ուտելիքը, գինին, պատմությունը դարձնում են Հայաստանը ֆանտաստիկ երկիր ապրելու համար», - «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում շեշտեց դեսպանը:

Հայ-նիդերլանդական փոխհարաբերությունները սկսվել են հնագույն ժամանակներից՝ դեռևս 4-րդ դարից, երբ Հայաստանում պետականորեն ընդունվեց քրիստոնեությունը, այնուհետև նոր կրոնը սկսեց աստիճանաբար տարածվել նաև եվրոպական երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում՝ Հայաստանից մեկնած քարոզիչների միջոցով: Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 30-ին: 2022 թվականին Հայաստանը և Նիդերլանդները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի շրջանակներում արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն տեղի էր ունեցել 2022 թ. մայիսի 10-11-ը:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը դիվանագիտական առաքելություն է իրականացնում Հայաստանում արդեն գրեթե 2 տարի: Նա իր հավատարմագրերը հանձնել է ՀՀ նախագահին 2020 թ. սեպտեմբերի 23-ին: Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Տիգրան Բալայանը:

 - Պարոն դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի մեր հրավերն ընդունելու և մեզ հյուրընկալելու համար: Սա շատ լավ առիթ է՝ խոսելու Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների մասին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Կուզեի զրույցը սկսել պատմական խորքերից: Հետազոտողներն ասում են, որ հայերի և նիդերլանդացիների առնչությունները սկսվել են հնագույն ժամանակներից: Ի՞նչ գիտեք Դուք հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմության մասին, և արդյոք դա օգնո՞ւմ է ներկա հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

- Այո, անշուշտ: Նախ և առաջ՝ շատ շնորհակալ եմ նիդերլանդա-հայկական հարաբերությունները քննարկելու այս հնարավորության համար: Ըստ ամենայնի՝ հարաբերությունները սկսվել են դեռևս 4-րդ դարում՝ մեր երկիր Սուրբ Սերվատիոսի ժամանումով: Նա հայ քրիստոնյա հոգևորական էր, որը եկավ Նիդերլանդներ և դարձավ առաջին հոլանդացի հռոմեական կաթոլիկ եպիսկոպոսը: Փաստացի նա է բերել քրիստոնեությունը Նիդերլանդներ, Հայաստանն է քրիստոնեությունը բերել Նիդերլանդներ:

Բայց, իհարկե, դրանից դարեր անց ավելի սերտ կապեր են հաստատվել երկու երկրների ժողովուրդների միջև: Կարող եմ նշել դրանցից մի քանիսը: Մասնավորապես, 1666 թվականին Ամստերդամում հրատարակվել է առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը, առաջին հայերեն աշխարհի քարտեզը նույնպես տպագրվել է Ամստերդամում 1695 թվականին:

Սրանք հայտնի փաստեր են նիդերլանդա-հայկական առնչությունների պատմությունից, բայց քչերը գիտեն այն մասին, որ կակաչը, որը Նիդերլանդների հայտնի խորհրդանիշերից է, մեր երկիր է բերվել հենց այս տարածաշրջանից՝ հավանաբար 16-17-րդ դարերում: Մենք զարգացրել ենք այս ծաղկատեսակը և այն դարձրել ենք իր չափերով ավելի մեծ, քան Հայաստանում աճող կակաչներն են: Ամեն դեպքում, սա մեկ այլ ուշագրավ և հետաքրքրական փաստ է, որը խոսում է մեր երկրների միջև դարեր ի վեր գոյություն ունեցող հարաբերությունների մասին:

- Մոտ երկու ամիս առաջ Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանում, տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր և արժեքավոր գրքի՝ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» ուսումնասիրության շնորհանդեսը, որին նաև Դուք էիք մասնակցում Ձեր հայ գործընկերոջ՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ միասին: Մինչ այդ նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ տարբեր ժամանակաշրջանների Հայաստանը կարող է պատկերված լինել մեզնից այդքան հեռու գտնվող երկրի հնագույն քարտեզներում: Ինչո՞վ է սա բացատրվում:


- Նախ և առաջ պիտի նշեմ, որ գիրքը նախաձեռնել էր Նիդերլանդներում իմ հայ գործընկերը՝ դեսպան Տիգրան Բալայանը, և իհարկե, ես մեծ հաճույքով օգնեցի այդ նախաձեռնությանը, քանի որ քարտեզները միշտ շատ կարևոր նշանակություն են ունեցել Նիդերլանդների համար. մենք առևտրականներ ենք եղել, իսկ առևտուր անելու առաջին նախապայմանը աշխարհագրության լավ իմացությունն էր: Ուստի վաղ շրջանի հոլանդացի առևտրականները միշտ այնպիսի տեղեկություններ էին հավաքում իրենց այցելած երկրների և տարածաշրջանների մասին, որոնք կարելի էր օգտագործել քարտեզներում: Այնպես որ, զարմանալի չէ, որ նրանք բացահայտել են նաև Հայաստանը և զետեղել են Հայաստանի մասին տեղեկությունները քարտեզներում:

- Ենթադրում եմ, որ հայ-նիդերլանդական կապերը նույնպես հաստատվել և զարգացել են հիմնականում առևտրականների միջոցով, քանի որ հայ վաճառականները ևս ժամանակին շատ հայտնի էին Արևմուտքում ու Արևելքում և կարևոր դեր էին խաղում, այդպես չէ՞:

- Միանգամայն ճիշտ եք, և դա իմ ուղերձներից մեկն է Ձեր առաջին հարցի առնչությամբ: Կարծում եմ՝ նիդերլանդացիների և հայերի հիմնական ընդհանրություններից մեկն այն է, որ մենք միշտ եղել ենք լավ առևտրականներ և ճանապարհորդներ:

Դուք կարող եք ամբողջ աշխարհով մեկ հանդիպել ե՛ւ նիդերլանդացիների, ե՛ւ հայերի, որոնք զբաղված են այս ոլորտներում: Եվ իսկապես, ինչպես Դուք եք ասում՝ սա կարևոր դեր է խաղում տեղեկությունների փոխանակման գործում:

- Հայաստանի Հանրապետությունը այս տարի նշում է 1992 թվականին տասնյակ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձերը, և այդ երկրներից մեկը Նիդերլանդների Թագավորությունն է: Այս կապակցությամբ կխնդրեինք մանրամասնել՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված և ի՞նչ միջոցառումներ են արդեն անցկացվել Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

- Անկեղծ ասած՝ 30 տարին շատ կարճ ժամանակաշրջան է Նիդերլանդների համար: Շատ երկրների հետ մենք տոնել ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդեն 400 տարին: Բայց, միևնույն է, սա, անշուշտ, շատ կարևոր է աշխարհի այս հատվածի համար, և այդ կապակցությամբ մենք որոշեցինք համերգ կազմակերպել դեռ տարվա սկզբին՝ հունվարի 30-ին: Այսինքն, այն օրը, երբ լրանում էր Նիդերլանդների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սակայն մենք ստիպված էինք հետաձգել համերգը և բարեբախտաբար, կարողացանք կազմակերպել այն մայիսին, և դա 30-ամյակի տոնակատարությունների առանցքային իրադարձությունն էր: Այդ համերգին ելույթ ունեցավ հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով նիդերլանդացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Դա մեր երկու մշակույթների մի իսկական միախառնում էր: Ի դեպ, նա ելույթ էր ունենում Երևանի Կամերային երաժշտության տան երգեհոնի առջև: Սա մի մեծ երգեհոն է, որն արտադրվել է նիդերլանդական ընկերության կողմից: Եվ սա մեր երկրների միջև կապի ևս մի խոսուն վկայություն է:

- Այլ միջոցառումներ լինելո՞ւ են:

- Անշուշտ: Մեր կողմից մենք տարվա սկզբին հյուրընկալել էինք «World Press Photo» լուսանկարչական ցուցահանդեսը: Բացի այդ, հուլիսի 14-ից այստեղ՝ Երևանում, Հայաստանի պատմության թանգարանում, բացվել է պարոն Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» անհատական ցուցադրությունը: Նա նիդերլանդացի անվանի փորագրանկարիչ է, վիմագրության վարպետ և հայտնի է իր տպագրական հմտություններով: 2021 թվականին Երևանում անցկացված Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային բիենալեում նա առաջին մրցանակի էր արժանացել, և մենք մտածեցինք, որ շատ լավ կլինի հրավիրել նրան Հայաստան անհատական ցուցադրության համար: Եվ մենք դեռ քննարկում ենք, թե ինչ այլ հետաքրքիր միջոցառումներ կարող են լինել, որոնք մենք նույնպես կզետեղենք դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի գլխագրում:

Եվ, իհարկե, նաև ակտիվ գործունեություն է ծավալում իմ հայ գործընկերը Նիդերլանդներում՝ Հաագայում։ Ըստ իս՝ թեմային նվիրված ամենակարևոր միջոցառումներից մեկը «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումն էր Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում: Սա շատ հիշարժան և կարևոր ցուցադրություն է, որը ներկայացնում է նիդերլանդական հանրությանը՝ ինչ է նշանակում Հայաստան: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:

- Իսկ միգուցե արժե նաև ֆուտբոլային խա՞ղ կազմակերպել Հայաստանի և Նիդերլանդների ազգային հավաքականների միջև:

- Դա շատ հետաքրքիր հանդիպում կլիներ: Թեև Հենրիխ Մխիթարյանը, ինչպես արդեն գիտենք, տեղափոխվում է «Ինտեր»…

- Ուրա՞խ եք այդ տեղափոխության կապակցությամբ:

- Գիտեք, ես առանձնահատուկ նախասիրություններ չունեմ իտալական ակումբների կապակցությամբ: Որքան հիշում եմ՝ «Ռոմայում» մենք նիդերլանդացի ֆուտբոլիստներ չունենք, բայց «Ինտերի» առնչությամբ չեմ կարող այս պահին վստահ պնդել: Կարծեմ՝ այնտեղ մեկ-երկու նիդերլանդացի ֆուտբոլիստներ կան: Նախասիրություններ ձևավորելիս՝ առաջին հերթին հենց այս հանգամանքին եմ ուշադրություն դարձնում:

- Ֆուտբոլի երկրպագո՞ւ եք:

- Այո՛, որոշ չափով:

- Իսկ ո՞ր ակումբին եք ամենաշատը երկրպագում:

- «ՊՍՎ Էյնդհովեն»-ին: Ես ծնվել եմ Էյնդհովեն քաղաքում, և բարեբախտաբար, Էյնդհովենում մենք ունենք Հայաստանի պատվավոր հյուպատոս՝ պարոն Վիլլի վան դե Կերխովը, որը ժամանակին խաղացել է «ՊՍՎ Էյնդհովեն»-ում և Նիդերլանդների ազգային հավաքականում և իմ երիտասարդության հերոսներից մեկն էր ֆուտբոլի ասպարեզում:


Վիլլի վան դե Կերխովը՝ Նիդերլանդների ազգային հավաքականի մարզաշապիկով

- Կրկին, վերադառնալով երկու պետությունների հարաբերություններին՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Նիդերլանդների երկկողմ հարաբերությունների ընդհանուր մակարդակը այս հանգրվանին՝ հետ նայելով դիվանագիտական կապերի 30-ամյա ճանապարհին: Վստահություն ունե՞ք ապագայի նկատմամբ:

- Որպես Հայաստանում Նիդերլանդների դեսպան՝ իմ պարտականությունն է փորձել հնարավորություններ գտնել երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և այդպիսով իմ երկրի շահերին օգուտ տալու համար: Նույնը անում է Հաագայում իմ գործընկերը՝ Հայաստանի շահերը առաջ մղելու նպատակով: Եվ մենք համակարծիք ենք, որ կարող ենք բարձրացնել երկկողմ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի:

Նաև ուզում եմ ընդգծել, որ երկու տարի առաջ մենք բացեցինք Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը Հայաստանում: Այս կարճ ժամանակահատվածում, ինչ մենք այստեղ ենք, արդեն կարող ենք արձանագրել, որ շատ բաների հիմքեր են դրվել, և երկկողմ կապերն ավելի են խորանում:

Մասամբ դա այստեղի՝ դեսպանատան իմ գործընկերների աշխատանքի շնորհիվ է, նաև կոնկրետ երկրների, ավելի լայն լսարանի ավելի մեծ ուշադրության շնորհիվ է, որը հրավիրում է դեսպանատունը: Այսպիսով, Նիդերլանդները հանդես է գալիս Հայաստանում դեսպանությամբ, դա հրավիրում է ավելի լայն հանրության ուշադրությունը, և առջևում նոր կապերի հաստատումն է:

Դեսպանությունը հիմնվել է 2020 թ. սեպտեմբերի 23-ին, քանի որ դա այն օրն է, երբ ես գնացի իմ հավատարմագրերը հանձնելու ՀՀ նախագահին, և դա այն ամսաթիվն է, երբ Նիդերլանդները պաշտոնապես դեսպանություն բացեց Հայաստանում: Այդուհանդերձ, ինչպես տեսնում եք՝ մենք դեռևս ժամանակավորապես տեղակայված ենք «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ մինչև որ ավելի հարմար շինություն կգտնենք դեսպանատան համար: Հավանաբար, դա տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին:

- Թեմային տեղյակ շատ դիտորդներ ասում են, որ Նիդերլանդները մեծացրել է իր հետաքրքրությունը Հայաստանում 2018 թվականից հետո: Ինչո՞վ է դա բացատրվում:

- Պատասխանը շատ պարզ է. Նիդերլանդների գլխավոր առաջնահերթություններն են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, և դրա պատճառը շատ հստակ է՝ օրենքի գերակայությունը պաշտպանում է բիզնեսը անկանոն գործողություններից, և եթե երկրում հաստատված է օրենքի իշխանություն՝ բոլորի համար շատ հստակ է, թե ինչ կարելի է ակնկալել: Նիդերլանդական ընկերությունները, սովորաբար, ասում են մեզ, որ իրենք պատրաստ են մուծել հարկեր այնքան ժամանակ, քանի դեռ կանխատեսելի է, թե ինչ հարկեր են դրանք, որքան են մուծելու և որքան ժամանակ են դրանք պահպանվելու: Եթե դա փոխվում է՝ իրենց համար ավելի դժվար է դառնում բիզնես պլանավորելը երկարաժամկետ հեռանկարում:

2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը նույնպես օրենքի գերակայության կողմնակից է, և դա նշանակում է, որ Հայաստանում բիզնես անելը ավելի կանխատեսելի է դառնում, քանի որ այդ դեպքում շատ հստակ է, որ դու կոնկրետ պայմանագիր ես ունենում ընկերության հետ և այդ պայմանագրի դրույթները պիտի կատարես:

Իսկ երբ առաջ է գալիս կոռուպցիան՝ դա շատ է դժվարացնում գործը, քանի որ այդ դեպքում երբեք չես կարող վստահ լինել, թե ով կթակի քո դուռը: Իսկ Հայաստանը 2018 թվականից ի վեր նկատելի թռիչք է ունեցել կոռուպցիայի ընկալման վարկանիշային աղյուսակներում, որոնք ներկայացնում է Համաշխարհային բանկը: Հայաստանը վիթխարի առաջընթաց է ունեցել այդ ցուցակում, և դա լավ ցուցիչ է նիդերլանդական ընկերությունների համար Հայաստան գալու կամ չգալու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում:

- Հայ-նիդերլանդական միջպետական հարաբերություններին առնչվող ամենաառանցքային և կարևոր իրադարձություններից մեկն այս տարվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 10-11-ին տեղի ունեցած երկօրյա պաշտոնական այցն էր Նիդերլանդների Թագավորություն, որտեղ նա մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, այդ թվում իր գործընկերոջ՝ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում Փաշինյանի այցը Նիդերլանդներ և ի՞նչ կարևոր արդյունքներ կարող եք առանձնացնել այցի առնչությամբ:

- Ես մի քանի գրառում եմ արել այս հարցի վերաբերյալ, քանի որ շատ կարևոր է դրանք նշելը: Առաջին հերթին, քաղաքականապես դա շատ կարևոր այց էր՝ ցույց տալու երկու երկրներին, որ մենք շփումներ և կապեր ունենք ամենաբարձր՝ վարչապետերի մակարդակով, և երկու երկրների ղեկավարները խոսում են իրար հետ մի շարք կարևոր թեմաների շուրջ: Բայց նաև շատ կարևոր էր ցույց տալ քաղաքական առումով, որ վարչապետ Ռյուտեն աջակցում է վարչապետ Փաշինյանին Հայաստանում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները ամրապնդելու նրա ջանքերում:

Ինչպես արդեն ասացի վերևում՝ սրանք այն հիմնարար գաղափարներն են, որոնց համար Նիդերլանդները պայքարում է, և մենք նկատել ենք, որ թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը Հայաստանը փոխելու գործընթաց է սկսել, և դա մի բան է, որին մենք ցանկանում ենք աջակցել: Սա էր վարչապետ Ռյուտեի հիմնական ուղերձը:

Անշուշտ, մենք նաև արձանագրել ենք Հայաստանի բարդ վիճակը վերջին տարիների ընթացքում, և այդ համատեքստում վարչապետ Ռյուտեի ուղերձը հայ ռազմագերիների առնչությամբ այն է, որ Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ նրանց վերադարձնելու համար:

Մշակութային միջոցառումների առումով վարչապետ Փաշինյանի համար կարևոր էր բացել «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը, որի մասին ես արդեն խոսեցի: Եվ որքան ականատեսների կարծիքներից եմ հասկանում՝ սա մի ապշեցուցիչ ցուցադրություն է, շատ մարդիկ, ովքեր եղել են այս ցուցահանդեսին, պարզապես հիացած են իրենց տեսածով և մասնավորապես՝ Հայաստանի պատմական ժառանգությամբ: Եվ սա ցույց է տալիս Նիդերլանդների ժողովրդին՝ ինչ է իրականում Հայաստանը: Եթե հարցնեք միջին վիճակագրական նիդերլանդացուն՝ լսե՞լ է արդյոք Հայաստանի մասին, նա կպատասխանի, որ չգիտի՝ որտեղ է այդ երկիրը և ինչ է իրենից ներկայացնում, և այս ցուցադրությունը բացվել է հենց այդ հարցերին պատասխանելու և մեր երկրների միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով:

Տնտեսական առումով շատ կարևոր էր վարչապետ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը ներկայացրեց նիդերլանդական գործարարներին, թե ինչ կարող է Հայաստանը առաջարկել նրանց, ինչ հնարավորություններ է երկիրը ստեղծում բիզնեսի համար և ինչ կարող են նրանք անել:

- Նախորդ տարի Երևանում կայացած մի համաժողովի ընթացքում ասել էիք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրները չունեն մեծ տնտեսություններ, և այդ պատճառով եվրոպական երկրների հնարավորությունները սահմանափակված են նրանց հետ լիարժեք տնտեսական հարաբերություններ զարգացնելու առումով: Այդուհանդերձ, Ձեր կարծիքով՝ Հայաստանը և Նիդերլանդները համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և տուրիզմը: Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ի՞նչ այլ ոլորտներ եք տեսնում:

- Վախենամ, որ չեմ կարողանա պատասխանել ամբողջ հարցին, քանի որ իմ կարծիքով՝ հնարավորություններ կան բոլոր ոլորտներում, բայց որպես դեսպանություն, մենք ստիպված ենք դասակարգել մեր առաջնահերթությունները: Մենք փորձում ենք առաջին հերթին «ծածկել» մեծ բնագավառները, և դրանից հետո ընկերություններն իրենք պետք է համագործակցության եզրեր գտնեն ավելի փոքր ոլորտներում: Այդ տեսանկյունից Հայաստանը բավական փոքր տնտեսություն է. երեք միլիոն բնակչությամբ երկիրը նիդերլանդական ընկերությունների համար շատ փոքր շուկա է, բայց ավելի կարևոր է այն, որ Ձեր նշած ոլորտներում իսկապես շատ դրական զարգացումներ կան: ՏՏ ոլորտը թերևս ամենահետաքրքիրն է այդ առումով:

Հայկական դպրոցները և ուսումնական այլ հաստատությունները, հայ աշակերտներն ու ուսանողները շատ ակտիվ են համակարգչային ծրագրերի մշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, և դա մի բան է, որը շատ պահանջված է արևմտյան երկրներում և մասնավորապես այնպիսի երկրներում, ինչպիսին Նիդերլանդներն է: Էյնդհովենում մենք ունենք Բարձր տեխնոլոգիաների կամպուս, որը թերևս ամենախելացի «քառակուսի կմ»-ն է ամբողջ աշխարհում, ավելի խելացի է, քան սիլիկոնային հովիտը, քանի որ աշխարհի բոլոր կարևոր ՏՏ ընկերությունները կենտրոնացած են հենց այս «քառակուսի կիլոմետրում»: Այս սեկտորը, որը կենտրոնացած է «Ֆիլիփսի» հին ընկերությունների և Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանի շուրջ, գրավում է բազմաթիվ ծրագրավորողների ամբողջ աշխարհից: Մենք այդպիսի մասնագետներ չունենք Նիդերլանդներում, ուստի փնտրում ենք նրանց այլ երկրներում, և այդ առումով Հայաստանը հետաքրքիր երկրներից մեկն է: Ի դեպ, մենք տեսնում ենք, որ դա արդեն տեղի է ունենում, և նիդերլանդական մի շարք ՏՏ ընկերություններ արդեն կապեր են հաստատել հայ մասնագետների հետ կամ նույնիսկ արդեն մասնաճյուղեր են բացել Հայաստանում:

Գյուղատնտեսության ոլորտում ևս տեսնում ենք համանման զարգացումներ: Հայաստանը հետաքրքիր աշխարհագրություն ունի այդ առումով: Ձեր լեռները, լանջերը, բարձր դիրքը, ջրառատությունը, արևշատությունը, եղանակը և բերրի հողը լավ պայմաններ են ստեղծում գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Մեր ակնկալիքը ոչ այնքան Հայաստանից գյուղատնտեսական մթերք ներմուծելը կամ Հայաստանին գյուղատնտեսական մթերք վաճառելն է, որքան Հայաստանի արտահանման աճին աջակցելն է: Նիդերլանդական ընկերությունները հետաքրքրված են որոշակի դեր խաղալու այդ հարցում՝ օգնելով հայկական ընկերություններին դառնալ ցանցային արտահանողներ դեպի աշխարհի այլ երկրներ:

- Եվ Նիդերլանդները շատ զարգացած գյուղատնտեսություն ունի, այդպես չէ՞:

- Այո՛, միանգամայն ճիշտ եք, Նիդերլանդները երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական արտահանողն է աշխարհում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք որոշեցինք կենտրոնանալ գյուղատնտեսական ոլորտի զարգացման վրա: Այս ոլորտում մասնագիտացած շատ հայտնի, աշխարհահռչակ համալսարան ունենք՝ Վախենինգենի համալսարանը, այնպես որ՝ կուտակված շատ գիտելիքներ ունենք այս ոլորտում:

- Հայաստանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. հայ-նիդերլանդական փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 228 մլն ԱՄՆ դոլար: Բավական լավ թիվ է: Երկկողմ առևտրաշրջանառությունն ընդլայնելու հեռանկարներ կա՞ն:

- Լավ թիվ է, բայց ես վստահ չեմ՝ կոնկրետ ինչի վրա է այն հիմնված: Հնարավոր է՝ մեկ խոշոր գործարք է եղել, որն արտացոլվել է այս վիճակագրության մեջ: Բայց, ամեն դեպքում, սա բավական լավ ցուցանիշ է: Եթե կարողանանք առաջիկա տարիներին պահպանել այս տեմպերը՝ լավ հեռանկարներ կարող են բացվել: Կարճաժամկետ հեռանկարում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելը դժվար կլինի, քանի որ շատ չեն այն ապրանքները, որ Հայաստանը կարող է արտահանել Նիդերլանդներ կամ գնել Նիդերլանդներում: Կարծում եմ՝ ավելի շատ պետք է կենտրոնանանք երկարաժամկետ ծրագրերի վրա: Մենք պետք է զարգացնենք գյուղատնտեսությունը և ՏՏ ոլորտը:

- Պարոն դեսպան, կցանկանայինք լսել Ձեր մեկնաբանությունն ու ընդհանուր մոտեցումները նաև տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և ավելի լայն առումով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք և ինչպե՞ս եք տեսնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ լուծումը:

- Շատ կուզեի ունենալ Ձեր հարցի պատասխանը: Իրավիճակը շատ բարդ է, հակամարտությունը դեռ չի ավարտվել, այս հիմնախնդիրը դեռ չի լուծվել, և սա նաև մեր կառավարության պաշտոնական դիրքորոշումն է:

Ինչ վերաբերում է ընթացիկ զարգացումներին՝ մենք շատ ենք խրախուսում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ երկու երկրների ղեկավարներին համախմբելու և երկխոսության գործընթաց սկսելու ջանքերը, քանի որ մեր կարծիքով՝ ցանկացած լուծում և կարգավորում պետք է տեղի ունենա դիվանագիտական քննարկումների և խաղաղ բանակցությունների միջոցով: Վերջին ամիսներին բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել: Իհարկե, դեռ շատ դժվարություններ և խոչընդոտներ կան, և սա իսկապես քաղաքական լուրջ մարտահրավեր է երկու ղեկավարների համար, բայց ես կարող եմ խոսել միայն այն մասով, թե ինչ եմ տեսնում այստեղ՝ Հայաստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական բարդ վիճակում է, բայց նա շատ համարձակ քայլեր է անում Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների մեջ մտնելու ուղղությամբ: Եվ վարչապետ Ռյուտեն Փաշինյանի այցի ընթացքում շեշտեց այս հանգամանքը՝ ասելով, որ ողջունում է նրա ջանքերը, համարձակ քայլերը, որոնք, իհարկե, ցավոտ են, բայց Հայաստանի՝ այս գործընթացի մեջ մտնելը անխուսափելի է: Եթե նայեք տարածաշրջանի ավելի լայն պատկերին՝ Հայաստանը շրջապատված է մի շարք երկրներով, որոնք բարեկամական չեն իր հանդեպ, և այս իրավիճակում նա ստիպված է ուղիներ գտնել խաղաղ համաձայնության հասնելու, նաև Ռուսաստանից իր կախվածությունը թուլացնելու համար:

- Ե՛վ Հայաստանի Հանրապետությունը, ե՛ւ Արցախի Հանրապետությունը միանշանակ ուզում են խաղաղություն, բայց առանցքային հարցերից մեկը բանակցությունների ձևաչափն է: Մոսկվան վերջին ամիսներին հայտարարում է, որ արևմտյան գործընկերները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում, թեև Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան շարունակում են պնդել, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը նշված հարցերի շուրջ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Ի՞նչ դիրքորոշում ունի Նիդերլանդները բանակցային գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ապագայի վերաբերյալ: Նիդերլանդները աջակցո՞ւմ է միջազգայնորեն ճանաչված այս ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը:

- Այո՛, քանի որ մենք ԵԱՀԿ անդամ ենք, իսկ Մինսկի խմբի համանախագահների մանդատը հաստատվել է ԵԱՀԿ-ի կողմից, ուստի մենք շատ ենք աջակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին այդ առումով: Ցավոք, Ռուսաստանը շատ է բարդացրել գործերը՝ ներխուժելով Ուկրաինա: Այդուհանդերձ, ես հստակ տեսնում եմ, որ ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ Ֆրանսիան դեռևս պատրաստակամ են համագործակցելու այդ ձևաչափի շրջանակներում: Հուսանք, որ աշխատանքները կվերականգնվեն մոտ ապագայում:

Թե ինչպես դա կարող է տեղի ունենալ՝ ես չգիտեմ, այդ հարցը պետք է ուղղեք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին: Ամեն դեպքում Նիդերլանդների պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք աջակցում ենք այս ձևաչափի աշխատանքին: Բայց մենք, անշուշտ, նաև աջակցում ենք գործընթացն առաջ մղելու Եվրամիության ջանքերին:

- Իսկ ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի վերաբերյալ: Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն արդեն չորս հանդիպում են ունեցել, վերջինը հուլիսի 1-ին էր՝ Վիեննայում: Հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման իրական հնարավորություններ տեսնո՞ւմ եք:

- Կրկին պիտի շեշտեմ, որ հարցն այն չէ, թե ես տեսնում եմ այդ հնարավորությունները, թե ոչ: Հարցն այն է, որ այդ հարաբերությունների կարգավորումը շատ անհրաժեշտ է: Պետք է նկատեմ, որ գործընթացը դանդաղում էր իր մեկնարկին: Միևնույն ժամանակ, բանակցությունների վերջին փուլից հետո մենք որոշ կոնկրետ արդյունքներ տեսանք: Ինչպես գիտեք, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»: Միգուցե սա մոտ ապագայում ձեռնարկվելիք հետագա քայլերի մեկնարկն է: Այնպես որ, ինչպես Դուք՝ ես ևս կարող եմ միայն ենթադրություններ անել:

- Եվ վերջում, քաղաքական թեմաներից զատ, կուզեի նաև Ձեր անձի, Ձեր անձնական նախասիրությունների և Ձեր երկրի մասին խոսեինք: Գործընկերներիցս շատերը գիտեն, որ սիրում եք բարձրանալ Հայաստանի լեռները: Դուք պարբերաբար գրում եք այդ մասին Թվիթերում: Կպատմե՞ք Ձեր այդ փորձառության մասին: Որքան հասկանում եմ՝ շատ եք սիրում Հայաստանի աշխարհագրությունը:

- Այո՛, շատ եմ սիրում, և դա շատ պարզ պատճառ ունի՝ ես եկել եմ մի երկրից, որը շատ ցածրադիր է և շատ հարթ է. Նիդերլանդների ամենացածր կետը, կարծեմ, 7 մետրով ցածր է ծովի մակերևույթից, իսկ ամենաբարձր կետը ծովի մակերևույթից 335 մետր բարձրության վրա է, ինչը ավելի ցածր է, քան Հայաստանի ամենացածր կետը:

Այնպես որ, Հայաստանում ուր էլ գնամ՝ աշխարհագրորեն ավելի բարձր դիրքում կլինեմ, քան Նիդերլանդներն է: Եվ դա ինքնին մեծ հետաքրքրություն է առաջացնում հայկական լեռներ արշավելու տեսանկյունից: Մեր երկրում մենք չունենք լեռներ, ուստի ես փորձում եմ արդյունավետ օգտագործել իմ ազատ ժամանակը՝ հայկական լեռները հնարավորինս շատ ուսումնասիրելու համար:

- Ո՞ր գագաթներն եք նվաճել Հայաստանում:

- Շատ խորհրդանշական էր, որ նախորդ տարվա՝ 2021 թ. օգոստոսի 29-ին, այսինքն՝ իմ՝ Հայաստան ժամանելուց ուղիղ մեկ տարի անց ես բարձրացա Արագած լեռան հյուսիսային գագաթը: Այդպիսով, ես տոնեցի Հայաստանում Նիդերլանդների դեսպանության ծննդյան առաջին տարեդարձը Հայաստանի ամենաբարձր գագաթին:

Հուլիսի 3-ին մենք Արագածի հարավային գագաթին էինք, բայց նախորդ տարի ես նաև մագլցել եմ Արագածի արևմտյան գագաթը, բարձրացել եմ նաև Աժդահակ լեռը և շատ այլ լեռներ Հայաստանում: Բայց խոսքը միայն բարձր լեռներ բարձրանալու մասին չէ: Օրինակ, Տավուշում աներևակայելի լեռներ կան, որոնք այդքան բարձր չեն, բայց արժե բարձրանալ: Այստեղ զբոսանքի շատ գեղեցիկ վայրեր կան, հոյակապ, շքեղ անտառներ: Նույնը կարելի է ասել Վայոց Ձորի մասին: Ձեր բնությունը պարզապես ֆանտաստիկ է:

Լուսանկարը՝ Նիկոլաս Սխերմերսի թվիթերյան էջից

- Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը, օրինակ, «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում պատմեց, որ նախորդ տարվա օգոստոսին բարձրացել է Արարատ լեռան գագաթը: Իսկ Դուք ծրագրեր ունե՞ք Արարատի գագաթը նվաճելու վերաբերյալ:

- Այո՛, մենք ծրագրեր ունեինք գնալու օգոստոսին, բայց, դժբախտաբար, որոշ պատճառներով չկարողացանք կազմակերպել մեր ճամփորդությունը դեպի Թուրքիա, ուստի վախենամ, որ ստիպված ենք սպասել ևս մեկ տարի: Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք հատել սահմանը ուղղակիորեն Հայաստանից Թուրքիա, քանի որ այդպես շատ ժամանակ կխնայենք ճանապարհորդության համար:

- Իսկ առհասարակ, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում, ինչպե՞ս են անցել դիվանագիտական առաքելության վերջին երկու տարիները, ի՞նչն է ամենաշատը Ձեզ դուր գալիս Հայաստանում:

- Ոչ թե կոնկրետ ինչ-որ մի բան է ինձ ամենաշատը դուր գալիս, այլ ինձ դուր է գալիս բազմաթիվ գործոնների ամբողջ համալիրը, համադրությունը: Այդ թվում՝ եղանակը, բնությունը, մշակույթը, մարդիկ, ուտելիքը, գինին, պատմությունը: Այս բոլորը միասին Հայաստանը դարձնում են ֆանտաստիկ երկիր ապրելու համար:

- Ի դեպ, ինչպե՞ս են ընթանում հայոց լեզվի Ձեր դասերը: Առաջընթաց կա՞:

- Դասերը լավ են գնում, բայց ես ստիպված եմ խոստովանել, որ հայերենով զրույցի մեջ մտնելն առայժմ շատ դժվար է ինձ համար: Իրականում հայոց լեզուն այդքան դժվար չէ, որքան հայերն են միշտ ներկայացնում օտարերկրացիներին: Կարծում եմ՝ բոլորն էլ կարող են յուրացնել այս լեզուն ցանկության դեպքում: Բայց, ամեն դեպքում, այն շատ է տարբերվում հոլանդերենից, մասնավորապես՝ շարահյուսությունը, բառերի դասավորությունը շրջված է, և ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հայերեն է խոսում ինձ հետ, ես հասկանում եմ բառերը, բայց առայժմ չեմ կարողանում ըմբռնել ամբողջական նախադասության իմաստը: Այնպես որ, առայժմ դժվար է, բայց ես փորձում եմ ավելի շատ կիրառել լեզուն, ավելի շատ խոսել հայերեն:

- Եվ վերջին հարցը Նիդերլանդների մասին է: Ի՞նչ կարող եք պատմել Ձեր երկրի մասին, որո՞նք են Նիդերլանդների մասին ամենակարևոր փաստերը, ամենակարևոր տեղեկությունները, որոնք Ձեր կարծիքով՝ հայ հասարակությունը պետք է իմանա՝ առաջին հերթին ի շահս հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման: Գուցե սկսենք այն հարցից, թե ինչո՞ւ Նիդերլանդներն այլևս պաշտոնապես չի կոչվում Հոլանդիա:

- Պատճառն այն է, որ Հոլանդիան Նիդերլանդների միայն մի մասն է: Դա երկու մարզ է երկրի արևմուտքում՝ Հյուսիսային Հոլանդիան և Հարավային Հոլանդիան, որոնք Նիդերլանդների ամենակարևոր առևտրային հատվածներն են եղել նախորդ դարերում: Բայց, միևնույն ժամանակ, մենք ունենք ընդհանուր 12 մարզ, ուստի մենք մեր երկիրը կոչում ենք Նիդերլանդներ, որը բոլոր 12 երկրամասերի և ոչ թե միայն երկուսի ընդհանրությունն է:

Բայց հետ գալով Ձեր հարցի նախորդ մասին՝ այո՛, Նիդերլանդները շատ բաներով է հայտնի: Մենք արդեն խոսեցինք կակաչների մասին: Անշուշտ, հողմաղացները, փայտե կոշիկները և սուրճի խանութները նույնպես Նիդերլանդների հայտնի խորհրդանիշերից են:

Բայց, իհարկե, շատ ու շատ այլ հետաքրքիր բաներ կան, որոնց մասին արժե իմանալ: Ուզում եմ ընդգծել հատկապես այն, որ տնտեսական առումով մենք առաջնությունը տալիս ենք որակին, մենք նորարար ենք, մենք սոցիալապես և էկոլոգիապես մաքուր արտադրանքի կողմնակից ենք: Իսկ ավելի լայն առումով մեր գլխավոր առաջնահերթություններն են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Մենք շատ հպարտ ենք այն փաստով, որ ունենք ներառական հասարակություն և փորձում ենք ներառել մեր հասարակության հնարավորինս շատ խմբերի:

- Շնորհակալ եմ, պարոն դեսպան, շատ հետաքրքիր և օգտակար զրույցի համար:

- Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում: Ինձ համար դա մեծ հաճույք էր:

 

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյանը

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]