Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

«Նոր գիրք»-26/22. Մուրացան, Հանդքե, Այնշթայն, Մահտո

«Նոր գիրք»-26/22.  Մուրացան, Հանդքե, Այնշթայն, Մահտո

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Մուրացան, «Առաքյալը»

«Առաքյալը» վիպակում Մուրացանը պատկերում է երեք տարբեր աշխարհների՝ իր ժամանակի ուսանողական միջավայրի, հայ գյուղի տխուր իրականության և թիֆլիսյան ճոխ կյանքի հակադրությունը: Այդ աշխարհներից ամեն մեկը յուրովի է ազդում ստեղծագործության հերոսի՝ Կամսարյանի վրա՝ բացահայտելով նրա հոգևոր սնանկությունն ու տոկունության բացակայությունը՝ հակառակ իր ստացած կրթությանը: Զուգահեռաբար, վիպակը ներկայացնում է նաև տարբեր սոցիալական խավերի հոգեբանությունն ու հայացքները: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն. Պետեր Հանդքե, «Մեծ անկում»

Պետեր Հանդքեի «Մեծ անկում» գիրքը դերասանի կյանքի մեկ օրվա պատմությունն է: Նա առավոտյան մեկնում է երկար ուղևորության և դադար առնում միայն ուշ գիշերին: Ուղին սկիզբ է առնում ծայրամասից և «անտառի միջով» տանում դեպի կենտրոնը մեծ քաղաքի, որում հեշտությամբ ճանաչվում է Փարիզը, և, հետևաբար, վերադարձնում է նրան դեպի քաղաքակրթություն:

Ուխտագնացության (կամ գուցե Խաչակրաց արշավանքի) այս ընթացքը հերոսին օգնում է տեսնել չարի արմատը նոր լույսի տակ: Դեկորացիաների հարափոփոխ կախարդանքը չարաշահում է ընթերցողի համբերությունը, որը սովոր չէ երկար տարածության վազքին, սակայն աներկբա է՝ «անհամբերությունը գոյի ոչնչացումն է»:

Գերմանական մամուլում այս գործը յուրօրինակ բնորոշում է ստացել՝ «Մարդատյացների «Հայր մեր»-ը»… Հանդքեն, ըստ էության, ներկայացնում է «անպետք» մարդկանց լուսանցք մղվելը, հասարակական հարաբերություններից ու, առհասարակ, կյանքից դուրս թողնվելը: Եվ Տերունական աղոթքի հայտնի տողը դառնում է՝ «… և փրկիր մեզ մեզնից՝ որպես չարի՛ց»…

Թարգմանությունը գերմաներենից՝ Կարլեն Մատինյանի։  Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. «Ժամանակի ճամփորդը. գյուտեր»

Գրքի էջերում, մեծագույն գիտնական Ալբերտ Այնշթայնի ուղեկցությամբ, երեխաները կճամփորդեն անհիշելի ժամանակներից մինչև մեր օրեր՝ ծանոթանալով մարդկության մեծագույն գյուտերին: Ե՞րբ է հայտնագործվել անիվը, ինչպե՞ս են առաջացել գրերը, ո՞վ էր առաջին ինքնաթիռի ստեղծողը: Այս ու էլի բազմաթիվ հարցերի պատասխաններ կգտնեն փոքրիկներն այս գրքում, որի հայերեն տարբերակում առկա են նաև լրացումներ հատուկ հայ ընթերցողների համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Ավետիսյան, խմբագիր՝ Վահե Ղուկասյան: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը։

Փաստավավերագրական գրականություն. Անջալի Մահտո, «Մաշկի խնամքի կանոնագիրք»

Անթերի մաշկով մոդելները և գեղեցկության չգրված ստանդարտները շատերի համար բարդույթների և ցածր ինքնագնահատականի պատճառ են: Հենց այդ պատճառով էլ կարծրատիպերը կանանց ստիպում են իրենց մաշկի խնամքի վերաբերյալ երբեմն չկշռադատված և գիտական բավարար հենք չունեցող որոշումներ ընդունել: Եթե մի կողմ թողնենք էսթետիկան, սա առաջին հերթին կարող է վնասել առողջությունը: Համացանցում հազարավոր մարդիկ մաշկի խնամքի տասնյակ հազարավոր տարբերակներ են առաջարկում: Ավանդական մեթոդներից մինչև տնային պայմաններում պատրաստած քսուքներ, աստղաբաշխական արժեքով շիճուկներից մինչև եզակի բույսերի համադրումներ: Բժշկության հետ կապ չունեցող մարդը դժվար հասկանա, թե սրանցից որն է օգտակար, որը՝ վնասակար:

Փորձառու մաշկաբան Անջալի Մահտոյի գիրքը հստակ, հակիրճ, գիտական փաստերով և անձնական օրինակներով պատասխանում է մաշկի խնամքին վերաբերող բոլոր հարցերին: Տեղեկահորձանքի, իրարամերժ խորհուրդների և ոչ մասնագիտական կարծիքների ֆոնին այս գիրքը սպառիչ և հիմնավորված պատասխաններ է տալիս մաշկի կառուցվածքի, հատուկ խնդիրների և կանոնավոր խնամքի մասին:

Այս գիրք-ուղեցույցն ամփոփում է ոլորտային ամենաթարմ հետազոտությունները և համադրում դրանք գործնականում կիրառված, մշտապես հաջողված և գիտության վրա հիմնված մեթոդների հետ: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]