Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն ընտրություններին մոտենում է շատ ամուր թիմով. Վիգեն Սարգսյան

ՀՀԿ-ն ընտրություններին մոտենում է շատ ամուր թիմով. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնական նպատակները հստակ արտացոլված են Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կուսակցության կարգախոսում: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին` ի՞նչ հիմնական նպատակներ է իր առջև դրել Հանրապետական կուսակցությունը: «Մեր հիմնական նպատակներն են անվտանգությունն ու առաջընթացը: Մենք ներկայացրել ենք ծրագիր, որը միտված է տնտեսության դինամիկ զարգացմանը: Պլանավորվում է իրականացրել լուրջ ներդրումներ տարբեր ոլորտներում: Նույնիսկ տարածքային ինքնակառավարման մակարդակում ֆիքսվել են այն կետերը, որտեղ կարելի է նման ծրագրեր ներդնել: Կան կոնկրետ ներդրողներ և կոնկրետ ծրագրեր ներդրումների համար, և մենք լիահույս ենք, որ մեր ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կունենանք զգալիորեն բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը, կառավարման համակարգում ներգրավել երիտասարդների, ովքեր ունեն համապատասխան որակյալ կրթություն և աշխատանքի փորձ, ինչպես նաև բարձրացնել հասարակության վստահությունը երկրի իշխանությունների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նախարարը:

Վիգեն Սարգսյանը  հավելել է, որ ՀՀԿ-ն կարևորում է նաև Հայաստանի պաշտպանունակության մակարդակի բարձրացումը: «Հաշվի առնելով գոյություն ունեցող մարտահրավերները` մեր զինված ուժերը հարաբերակցության տոկոսներով գերազանցում են բնակչության և տարածքի առումով Հայաստանի մասշտաբների այլ երկրներին: Բայց մենք աշխարհում միակ այդպիսի երկիրը չենք: Անգամ կան երկրներ, որ այդ առումով մեզ գերազանցում են: Փորձը ցույց է տալիս, որ դա կարող է ոչ թե զարգացման խոչընդոտ հանդիսանալ, այլ խթանել զարգացումը` անվտանգությունը և առաջընթացը ճիշտ համադրելու պարագայում: Հենց սրան է միտված մեր աշխատանքը»,- նշել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն ընտրություններին մոտենում է շատ ամուր թիմով: «Ընտրություններին մոտենում ենք մարդկանց թիմով, որոնցից յուրաքանչյուրը իր ոլորտում մեծ հաջողությունների է հասել, ապացուցել է ամենաբարդ խնդիրները լուծելու կարողությունը: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք շատ արագ կյանքի կոչել մեր ծրագիրը: Հայաստանի ներկայիս կառավարությունը գործունեության 6 ամիսները եղել են ինտենսիվ զարգացման ժամանակահատված: Բոլոր տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ ձեռնարկվող քայլերը տալիս են արդյունքներ, և մենք հավատում ենք, որ այդ աշխատանքը շարունակվելու ահռելի ներուժ կա»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am