Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

«Երևանյան բեսթսելեր». «Մահ Նեղոսի վրա» գիրքը` առաջատար. թարգմանական. ապրիլ, 2022  

«Երևանյան բեսթսելեր». «Մահ Նեղոսի վրա» գիրքը` առաջատար. թարգմանական. 
ապրիլ, 2022

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է ապրիլի վաճառքների հիման վրա:

Առաջին տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի այս վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առաջ, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի
կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական
մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը երկրորդ տեղում է։ Ամերիկուհի գրողի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունն ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնում է էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա և առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Երրորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը չորրորդ տեղում է։ Սա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Հինգերորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք: Թարգմանիչ՝ Ֆարիդա Մալխասյան։

Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» վեցերորդ տեղում է։ Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։ Թարգմանությունը`Ռուզաննա Սուքիասյանի:

Յոթերորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Մի ժամանակ Աֆղանստանի լեռները խաղաղ էին, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և, վերջապես, նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Ութերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:  

Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստ»-ն իններորդ տեղում է։ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի (1749-1832) կոթողային «Ֆաուստ» ողբերգությունը համաշխարհային գրականության գագաթներից մեկն է և մեծ ազդեցություն է թողել տարբեր ժողովուրդների մշակույթի վրա: Թարգմանությունը գերմաներենից` Պարույր Միքայելյանի։

Տասներորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ագաթա Քրիստի

«Մահ Նեղոսի վրա»

Էդիթ Պրինտ 91
2 0

Էլիզաբեթ Գիլբերթ

«Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ 71
3 *

Ալեքս Մայքլիդիս, «Լռակյաց հիվանդը»

Newmag 69
4 -1

Ագաթա Քրիստի, «Սպանություն գոլֆի դաշտում»

Էդիթ Պրինտ 44
5 -1

«Բարի գործերի քաղաքը»

Բուկինիստ 34
6 -1

Ջոջո Մոյես, «Աստղեր նվիրողը» 

Զանգակ 32
7 0

Խալեդ Հոսեյնի

«Օդապարուկ թռցնողը»

Զանգակ 29
8 +1

Խալեդ Հոսեյնի, «Հազար չքնաղ արևներ» 

Զանգակ 28
9 նոր

Յոհան Վոլֆգանգ Գյոթե, «Ֆաուստ»

Անտարես 25
10 *

Էլիֆ Շաֆաք, «Ստամբուլի բիճը» 

Անտարես 24

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74),  «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]