Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ փոխվարչապետն Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարները

ՀՀ փոխվարչապետն Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի 
տնօրենի հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 13-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Փոխվարչապետի գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնում են, որ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հատկապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի համատեքստում։

Այդ համագործակցության շրջանակում հատկանշական է համարվել ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում» ծրագիրը, որի շրջանակում 46 դպրոցների շենքերի ամրացման և հիմնական նորոգման աշխատանքներ են իրականացվում։ Փոխվարչապետն այն որակել է օգնող բաղադրիչ՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնությանը։

Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել նաև ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման հարցում, մասնավորապես, այնպիսի առանցքային ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» և «Քաղաքային կայուն զարգացման» ներդրումային ծրագրերը։

Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և արդյունավետ գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և քննարկել համագործակցության նոր հեռանկարները։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am