Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետին է ներկայացվել Արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ»-ի կառուցման նախագիծը

ՀՀ վարչապետին է ներկայացվել Արցախյան բոլոր պատերազմների նահատակների 
հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ»-ի կառուցման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են Երևանի բուսաբանական այգու տարածքում Արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետին են ներկայացվել «Կյանքի պուրակ»-ի կառուցման նախագիծը, ճարտարապետական լուծումներն ու ֆունկցիոնալ գոտիավորման սխեման: Նշվել է, որ նախագծային տարածքը մոտ 35 հա է, նախատեսվում է ունենալ զբոսանքի և հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային ուղիներ, աստիճանավոր կասկադ, իսկ գագաթնակետը լինելու է հայրենիքի համար նահատակված հերոսների կյանքը խորհրդանշող հատվածը: Կառուցվելու է ոռոգման ամբողջովին նոր համակարգ, որը սպասարկելու է ամբողջ Բուսաբանական այգին:

Խորհրդակցությանը քննարկվել են նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքային լուծումներին, շարժման երթուղիների կազմակերպմանը և հասանելիությանը, միջավայրի կահավորմանը, ծառապատման խտությանն ու կենսաբազմազանությանը և այլ թեմաների: Ներկայացվել են մի շարք առաջարկներ ու դիտարկումներ:

Քննարկման թեմա է եղել նաև Բուսաբանական այգու բարեկարգման խնդիրը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարն առաջարկել է սկսել «Կյանքի պուրակ»-ի կառուցապատման աշխատանքները և զուգահեռ մշակել Բուսաբանական այգու զարգացման ծրագիրը՝ որպես միմյանց փոխլրացնող ու շարունակող նախագծեր:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Կյանքի պուրակ»-ի նպատակը կյանքի գնահատումն է, Արցախյան բոլոր պատերազմների նահատակների ներկայության  խորհրդանշումը, և ճարտարապետական լուծումներն ամբողջությամբ պետք է բխեն հենց այս տրամաբանությունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բուն պուրակի տարածքում առևտրային որևէ գործունեություն պետք է բացառվի:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սկսել աշխատանքները՝ ի գիտություն ընդունելով քննարկված առաջարկներն ու գաղափարները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am