Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված 
անձանց

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգնության շնորհիվ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19 հազար 300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը:

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

«2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին: Այս միջոցներն օգտագործվում են, որպեսզի  տեղահանված անձինք կարողանան հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ: 

OLD01100.jpg (554 KB)

Նա ընդգծեց՝ ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Հայաստանին աջակցելու իր հանձնառությանը, որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել այն մարտահրավերները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած ռազմական գործողություների հետևանքով։ 

Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ կառավարությունը տրամադրել են բազմատեսակ աջակցություն՝ սնունդ, հոգեսոցիալական աջակցություն, որպեսզի հնարավոր լինի դժվարությունները հաղթահարել:

«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, պարենային և ոչ պարենային ապրանքներ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Աջակցության տրամադրումը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին և կտևի 6 ամիս: Աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերը:

«Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները 2023-ի սեպտեմբերին, հաշված օրերի ընթացքում բռնի տեղահանվելով, հայտնվեցին իրենց կյանքն ու գործունեությունը նոր փուլից սկսելու մարտահրավերի առաջ: Հայաստանի կառավարությունը և բազմաթիվ անհատներ աջակցեցին նրանց առաջնային կեցության և ապրուստի միջոցներ հոգալու հարցում: Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները շարունակում են պետական դրամական աջակցություն ստանալ նաև ձմեռվա ամիսներին: Բոլոր այս պետական ծրագրերում մեր կողքին են նաև տեղական և միջազգային գործընկերները, ինչը կարևոր է, քանի որ բռնի տեղահանված ընտանիքին ժամանակ է պետք իր ինքնաբավ կեցությունը վերագտնելու համար»,- ընդգծեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: 

OLD01065.jpg (587 KB)

Նա նաև հիշեցրեց՝ պետական աջակցության գործընթացը դեռ շարունակական փուլում է: Բոլոր դիմումները դիտարկվում են, բոլոր ընտանիքներին հասանելիք աջակցությունը տրամադրվելու է: 

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության տրամադրումն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են «Առաքելություն Հայաստան», Հայկական Կարմիր Խաչի ընկերություն, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային հարթակ» հիմնադրամ և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպությունները:

«Տեղահանված անձինք «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի 10 թիրախային խմբերից մեկն են: Մեր նպատակն է նրանց ապահովել անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ և բարելավված սոցիալական պաշտպանությամբ: Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ծրագիրը գործակցում է  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև տրամադրում է անմիջական առաջնային օգնություն»,-նշեց «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդը: 

OLD01147.jpg (622 KB)

Միջոցառման մասնակիցները հետևեցին մարդասիրական ծանրոցների բաշխման ընթացքին, զրուցեցին շահառուների հետ՝ նրանց կարիքների մասին ավելի լավ տեղեկանալու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am